Անցնել քայլ 2-ին
Քայլ 2. ԻՆՉ Է ՅՈԳԱՆ
(Վադիմ Զապորոժցեվի «Ինչ է Յոգան» գրքից)
Յոգան հնագույն, շատ բարի, չափազանց տրամաբանական և ներդաշնակ համակարգ է ինքնաճանաչման և տիեզերքի ճանաչման մասին:
Յոգան բացահայտում է մարդու ներքին պոտենցիալ հնարավորությունները, ներքին ստեղծագործական ունակությունները և ուժ է տալիս նրան:
Յոգան ինքնաճանաչման և տիեզերքի ճանաչման մասին համակարգ է, որը մարդուն տալիս է ազատություն ֆիզիկական մարմնի սահմանափակումներից, ինչպես նաև հոգեբանական, մտավոր, հոգևոր ազատություն: Յոգան ներառում է իր մեջ այս համակարգի հետևորդների դարավոր իմաստությունն ու փորձը: Ինքնաճանաչման արդյունքում ծնվել են բավականին կոնկրետ հանձնարարականներ այն մասին, թե ինչպես առավել արդյունավետ կերպով պահպանել ֆիզիկական և հոգեկան առողջությունը, բացահայտել յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված ուժերը:
Ամբողջ յոգայի հիմքը մարդու ներքին ու արտաքին աշխարհում ներդաշնակության պահպանումն է և ծայրահեղություններից հրաժարումը: Այսպիսով, ցանկացած ֆիզիկական, մտավոր կամ հոգեկան վարժություն կարող Է և՛ հանդիսանալ, և՛ չհանդիսանալ յոգայի վարժություն: Դա կախված է ներդաշնակության (հարմոնիայի) զգացողությունից և որոշակի ներքին վերաբերմունքի առկայությունից, որը նախատեսում է յոգան: Կամ այլ կերպ ասած յոգայում գլխավորը մեթոդն է:
Ըստ յոգայի մեթոդի վարժություններ կատարելիս անհրաժեշտ է ներդաշնակորեն համադրել այն, թե որտեղ և երբ պետք է ստիպեք ինքներդ ձեզ, և այն, թե որտեղ և երբ պետք է թույլատրեք ինքներդ ձեզ: Այսինքն վարժություններ կատարելիս երբեմն պետք է հաղթահարել ներքին ծուլությունը և պահպանել որոշակի լարվածություն, բայց երբեմն պետք է լիովին տրվել վարժություն կատարելու ժամանակ առաջացող հաճելի զգացողություններին: Յոգան խորհուրդ է տալիս գնալ մեջտեղի ճանապարհով: Բայց այդ մեջտեղի ճանապարհով գնալը և «ծայրահեղություններից խուսափելը» բնավ չի նշանակում դառնալ «կամազուրկ միջակություն» կամ «անկայուն և թուլակամ»: Ավելի շուտ յոգան գիտություն է այն մասին, թե ինչպես անել, որ ծայրահեղությունները միմյանց հավասարակշռեն և կլանեն, որ ծայրահեղությունները զբաղվեն մեկը մյուսով, իսկ մարդը դառնա ազատ:
Օրինակ՝ Հատհա յոգայում ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ տրվում է հետևյալ հանձնարարականը` մենք պետք է զգանք ուրախություն (հաճույք) կամ վարժությունների կատարման ժամանակ առաջացող զգացողություններից, կամ ուրախություն (հաճույք) ինքնահաղթահարումից: Մենք պետք է նաև սովորենք ճանաչել այն պահը, թե երբ և ինչպես պետք է զգացողություններից առաջացող ուրախությունը փոխարինել ինքնահաղթահարման ուրախությամբ:
Յոգայի մեթոդների առավել խորքային նկարագրությունը մենք գտնում ենք հնագույն Վեդաներում, որոնք գրվել են մի քանի հազարամյակ առաջ: Մեթոդի նկարագրությունը Վեդաներում կապված է Ռիտա հասկացության հետ, որը ունի բազմաթիվ նշանակություններ, օրինակ` տիեզերական ներդաշնակություն, ճշմարտության օրենք, ազատության օրենք, ուրախության և երջանկության ներդաշնակ ռիթմ և այլն: Ռիտայի օրենքի իմաստը հետևյալն է` տիեզերքում մեր բոլոր դրսևորումները, գործողությունները, զգացմունքները և մտքերը պետք է գտնվեն ներդաշնակության մեջ տիեզերքի գոյության վերտրամաբանական սկզբնապատճառի հետ: Մեր կյանքը, արարքները, խոսքերը, մտքերը, զգացմունքները Ռիտայի օրենքի հետ համաձայնեցնելու գործընթացն էլ հենց անվանվում է յոգա: Այսինքն, յոգան Ռիտայի օրենքին կամ Կյանքի Էությանը և Ամեն ինչի գոյության սկզբնապատճառին միանալու, ձուլվելու, ներդաշնակվելու գործընթացն է: Կամ, երբ Մարդ-Միկրոկոսմոսը ներդաշնակություն է գտնում Տիեզերք-Մակրոկոսմոսի հետ:
Մարդու կյանքի այն ճանապարհը, որը համաձայնեցվում է Ռիտայի օրենքի հետ, կոչվում է Դհարմա: Մարդու բոլոր արարքների և գործողությունների հետևանքները անվանվում է Կարմա (պատճառների և հետևանքների օրենք): Եթե մարդը կատարում է Ռիտայի օրենքին չհակասող արարքներ, ապա նա շարժվում է Դհարմայի ճանապարհով, ձեռք է բերում միայն դրական Կարմա, ոչնչացնում է բացասական Կարման, ու վայելելով դրական Կարմայի պտուղները, ընդհանրապես դուրս է գալիս Կարմայի օրենքի հարթությունից և ձեռք է բերում անսահմանափակ, անվերապահ ազատություն:
Այդ իսկ պատճառով յոգան ճանապարհ է դեպի ազատություն ներդաշնակության միջոցով:
Յոգա կարող է կոչվել միայն այն ինքնաճանաչման համակարգը, որ խստորեն պահպանում է յոգայի առաջին և երկրորդ սկզբունքները, և որը նպաստում է յուրաքանչյուր մարդու մեջ եղած ազատության բացահայտմանը և ճիշտ օգտագործմանը: Առաջին հերթին ազատություն ֆիզիկական, մտավոր և հոգեբանական սահմանափակումներից, որոնք առաջացել են ոչ ներդաշնակ ապրելակերպի հետևանքով:
Յոգայի առաջին և երկրորդ սկզբունքները երբեմն անվանվում են Բարության և Առողջ մտածելակերպի սկզբունքներ:
Յոգայի առաջին սկզբունքը ասում է. «Դուք պետք է ամբողջ Ձեր ներուժով ձգտեք վնաս չպատճառել ոչ մի կենդանի էակի, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն: Իսկ եթե վնաս չպատճառելու հնարավորություն չունեք, ապա դուք պետք է վարվեք այնպես, ինչպես թելադրում է ձեր պարտքը»:
Յոգայի երկրորդ սկզբունքը ասում է. «Դուք չպետք է ծախսեք ձեր էներգիան և ուղղեք ձեր գիտակցությունը այն ամենի վրա, ինչը չի օգնում հասնել այն նպատակներին, որոնք դուք դրել եք ձեր առջև աշխատանքում, յոգայում, ուսման և հանգստի մեջ: Դուք պետք է բոլոր ուժերով ձգտեք իրականացնել ձեր առջև դրված նպատակները»:
Յոգայի որոշ ավելի հզոր և հազվադեպ ենթաբաժինների համար անհրաժեշտ է նաև այսպես կոչված Յոգայի երրորդ սկզբունքը կամ Տառապանքների հաղթահարման սկզբունքը, բայց այն կիրառվում է միայն այն դեպքում, երբ մարդը լիովին կիրառում է առաջին երկու սկզբունքները:
Յոգայի ինքնաճանաչման նպատակը դա մարդու ազատությունը սահմանափակող բոլոր գործոններից ձերբազատվելն է: Ազատություն ձեռք բերելու հետևանքով երբեմն յոգերը ղեկավարելով ֆիզիկական մարմինը կամ օրգանիզմի մտավոր և հոգեկան ուժերը ձեռք են բերում այնպիսի զարմանալի ընդունակություններ, որոնք հասարակ մարդուն թվում են հրաշք:
Այդ պատճառով, գեղեցիկ, ուժեղ, չծերացող մարմինը, սթրեսներից ազատվելը, մտավոր կարողությունների զարգացումը, թաքնված հոգեկան ուժերի օգտագործումը և շատ այլ ընդունակություններ չեն հանդիսանում յոգայի նպատակը, այլ հանդիսանում են ինքնաճանաչման և տիեզերքի ճանաչման արդյունքում առաջացող կողմնակի էֆֆեկտներ:
Յոգայի նպատակը շատ բարձր է, դա ամբողջական, լիարժեք, անվերապահ, անսահման և ոչնչով չպայմանավորված ազատությունն է ամեն ինչից, նույնիսկ այս պահին անհայտ սահմանափակումներից և պայմանականություններից: Հետևաբար, յոգա կարելի է անվանել միայն այն համակարգը, որը ինքնաճանաչման և տիեզերքի ճանաչման միջոցով մարդուն տանում է դեպի իսկական, անսահմանափակ ազատություն:
Որևէ համակարգը չի կարող հանդիսանալ յոգա, եթե այդ համակարգը սահմանափակում, վախեցնում, ստրկացնում է մարդուն, թուլացնում է նրա միտքը և կամքը, դարձնում է նրան կախյալ և ոչ ինքնուրույն: Յոգան ասում է, որ մարդը պետք է ազատ լինի ամեն ինչից, նույնիսկ յոգայից, եթե այն դարձնում է նրան անազատ:
Պետք է նաև հիշել, որ ազատության հակառակ կողմում գտնվում են պատասխանատվությունը և պարտականությունը (պարտքը): Եթե դուք ձգտում եք ձեր անձնական ազատությանը և միևնույն ժամանակ սահմանափակում կամ անտեսում եք այլ կենդանի էակների ազատությունը, ապա այդ դեպքում ինչպես սովորեցնում է յոգան, դուք ավելի եք բարդացում ձեր իրավիճակը ապագայում: Ազատության բարձրագույն իդեալին հնարավոր է հասնել, առաջին հերթին օգնելով ուրիշներին իրենց ազատությունը ձեռք բերելու ճանապարհին: Այսինքն, հասնել սեփական ազատության հնարավոր է միայն այն դեպքում, երբ չի նվազում մյուսների ազատությունը: Դա կոչվում է պատասխանատվություն (պարտք): Հնարավոր չէ հասնել ազատության, անտեսելով պատասխանատվությունը (պարտքը): Եթե դուք հանդիպում եք մի մարդու, ով ցուցադրում է վարքագծի ամենաթողություն ի վնաս ուրիշների ազատության և շահերի, և եթե այդ անձը իր քայլերը հիմնավորում է յոգայի ազատության բարձր իդեալներով, ապա իմացեք, որ այդ մարդը յոգայի հետ ոչ մի կապ չունի: Եթե Ձեր ազատությունը հիմնված է ուրիշների անազատության վրա, ապա վաղ թե ուշ դուք ինքներդ կդառնաք անազատ:
Պետք է հիշել մեր պարտքի մասին: Եթե որևէ մեկը անցյալում եղել է բարի ձեր հանդեպ, և սահմանափակել է իր ազատությունը հանուն ձեր ազատության, եթե դուք օգտվել եք այդ ազատությունից, ապա հետևաբար դուք ունեք պարտք ձեր խղճին համապատասխան: Օրինակ` պարտք ծնողների առջև, հայրենիքի առջև և այլն: Մենք հաճախ մոռանում ենք նրանց, ում պարտական ենք մեր ներկայիս ազատությամբ, ինչը հանգեցնում է նրան, որ մենք հաճախ հեռանում ենք մեզ սիրող մարդկանց ամուր շրջանակից և ընկնում ենք բացասականի ճահիճը:
Հարց` Սկզբունքորեն արդյոք հնարավոր է, որ շարքային մարդը հասնի ազատության այդպիսի վիճակի յոգայի միջոցով, դեռ ավելին առանց ուրիշների ազատությունը սահմանափակելու:
Յոգայի հնագույն ուսմունքը, ինչպես նաև յոգայի ուսուցիչների կյանքը միանշանակ ասում է մեզ, որ ազատության այդ պոտենցիալը առկա է յուրաքանչյուր մարդու մեջ, այլ ոչ թե ինչ-որ ընտրյալ մարդկանց մեջ: Այն, ինչին որևէ տեղ և երբևէ հասել են յոգայով զբաղվող մարդիկ, հասանելի է մեզանից յուրաքանչյուրին: Հարցը միայն մեր կամքի ու վճռականության մեջ է մեր նպատակին հասնելու ճանապարհին: Ինչ-որ մեկը արել է դա մեզանից շատ առաջ և արդեն հասել է որոշ բարձունքների, իսկ մենք նոր ենք սկսում այդ ուղին, և մեզ ժամանակ է պետք:
Հարց` Որ վարժություններն են հանդիսանում յոգայի վարժություն և որոնք` ոչ: Ով և ինչպես կարող է ստուգել, վարժությունը կատարվում է ներքին ներդաշնակությամբ, թե՝ ոչ:
Միայն դուք ինքներդ, հետևելով ձեր ներքին զգացողություններին և մտքերին, կարող եք հասկանալ, կատարում եք յոգայի վարժությունները ներդաշնակորեն, թե՝ ոչ: Համարվում է, որ յոգայի վարժությունները կատարվում են ներդաշնակորեն, եթե դուք զգում եք ներքին ուրախություն (հաճույք) կամ վարժությունների կատարումից կամ ինքներդ ձեզ հաղթահարելուց: Բացի ձեզանից, ուրիշ ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին, հետևաբար, վերջին հաշվով, միայն դուք կարող եք որոշել, թե դուք յոգայի վարժություններ եք կատարում, թե այլ ֆիզիկական կամ մտավոր վարժություններ: Յոգայում համարվում է, որ բռնությունը ինքն իր նկատմամբ չափազանց անարդյունավետ է և չի կարող տալ երկարաժամկետ արդյունքներ:
Հարց` Որտեղից է մեզ հասել յոգան:
Յոգան գոյություն ունի շատ վաղուց և մենք չգիտենք այն մարդկանց անունները, ովքեր զբաղվելով ինքնաճանաչմամբ, կատարելագործել են այս ուսմունքը հին ժամանակներում: Սա, թերևս, պայմանավորված է նաև նրանով, որ Արևելքում, որտեղ յոգան լավ է պահպանվել, սեփական անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելը համարվել է անհամեստություն: Հին իմաստունները համարում էին, որ իրենք միայն բարձրաձայնում են այն ուսմունքը, որը նրանք քաղում են տիեզերքի ամենաբարձր ոլորտներից: Մեզ հասել են յոգայի համեմատաբար ուշ հետևորդների անունները (Փաթանջալի, Վյասա, Գխերանդա և ուրիշներ): Համարվում է, որ յոգան հնագույն Վեդաների (Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա և Ատխարվավեդա) գիտելիքների գործնական կիրառումն է մարդու կյանքում: Մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ Վեդաների հեղինակ հին իմաստունների կյանքի մասին (վեդայական լեզվով նրանց անվանում են Ռիշաներ):
Հարց` Յոգը մատերիալիստ է, թե իդեալիստ: Յոգան մատերիալիստական, թե իդեալիստական ուսմունք է:
Յոգան համարում է, որ մատերիալիզմը և իդեալիզմը չեն հանդիսանում այնպիսի հայեցակարգեր, որոնք լիովին նկարագրում են այնպիսի բարդ երևույթներ, ինչպիսիք են մարդը և տիեզերքը: Մեր աշխարհը շատ ավելի բարդ է և խորհրդավոր, քան այդ երկու բևեռորեն հակառակ և իրար հետ անհամատեղելի հայեցակարգերը: Մեր աշխարհը և մենք այս աշխարհում կարող ենք արտահայտվել ու դրսևորվել միաժամանակ և որպես ամբողջովին իդեալիստական, և որպես ամբողջովին մատերիալիստական օբյեկտներ, առարկաներ և երևույթներ: Այսինքն, ամեն ինչ շատ ավելի բարդ է, և միևնույն ժամանակ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան այն դոգմաները, որոնք առկա են այս կամ այն հայեցակարգի հետևորդների մոտ: Աշխարհը իր բոլոր երևույթներով և օբյեկտներով, ինչպես նաև հենց ինքը մարդը ինքնաբավ իրողություններ (самосущая реальность) են և հանդիսանում են այդ կապող օղակը իդեալիզմի և մատերիալիզմի միջև, որոնցից որպես ինքնադրսևորման ծայրահեղ դեպքեր առաջանում են այդ երկու ծայրահեղությունները` մատերիալիզմը և իդեալիզմը: Մատերիալիզմը և իդեալիզմը հանդիսանում են կարծես ինչ-որ բարձրագույն, հավերժորեն գոյություն ունեցող (մշտագո) իրողության երկու պրոյեկցիաները, իսկ այդ իրականության դրսևորումներն են մարդը և ամբողջ տիեզերքը:
Պետք է նաև հստակ հասկանալ այն փաստը, որ յոգան չի հանդիսանում ինչ-որ կոնֆորմիզմի համակարգ, որը փորձում է արհեստականորեն մոտեցնել այդ երկու տրամագծորեն հակառակ հայեցակարգերը: Յոգան հանդիսանում է ինքնաբավ ուսմունք և անկախ է թե մատերիալիզմից, թե իդեալիզմից: Մատերիալիզմ և իդեալիզմի հայեցակարգերը ոչ մի ձևով չեն ազդել յոգայի փիլիսոփայական հայացքների և համոզմունքների ձևավորման վրա: Յոգան միշտ իր զարգացման ընթացքում հիմնվել է իրական յոգերի կյանքի և փորձի արդյունքում ծնված տեսության և այդ տեսութունը գործնականորեն կիրառելու արդյունքում ծնված հանձնարարականների վրա: Ցանկացած տեսություն կենսունակ է միայն այն դեպքում, եթե այդ տեսությունը հաստատվում է իրական պրակտիկայով և կյանքի փորձով, հակառակ դեպքում դա ինքնախաբեություն է:
Հին ժամանակներում յոգերը կատարել են այնպիսի հսկայական թռիչք տիեզերքի և մարդկային էության ճանաչման հարցում, որը մինչ այժմ չեն կարողանում հասկանալ աշխարհի փիլիսոփայական համակարգերը և օգտագործել մարդկության կյանքում: Մարդու և տիեզերքի էությունը նկարագրելու հարցում բոլոր լայնորեն ճանաչված համակարգերը լավագույն դեպքում հանգել են ինչ-որ ծայրահեղ, երբեմն սահմանային մեթոդների և փորձերի: Այսինքն իդեալիզմի և մատերիալիզմի փիլիսոփայությունները հանդիսանում են տիեզերք և մարդ երևույթների բնույթն ու էությունը նկարագրելու միակողմանի մոտեցումներ և փորձեր: Հետևաբար, զարմանալի չէ, որ մարդկության զարգացման բոլոր սոցիալական, հասարակական, քաղաքական և տնտեսական մոդելները, որոնք հիմնվել են նմանատիպ համակարգերի վրա, վաղ թե ուշ ձախողվել են: Այսպիսով, մարդկությունը դեռ չունի այն փիլիսոփայական և գաղափարախոսական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլինի կառուցել մեր քաղաքակրթության կյանքը:
Հարց: Արդյոք յոգան կրոն է:
Ոչ, յոգան կրոն չէ: Յոգան ներդաշնակ ինքնաճանաչման համակարգ է: Յոգայով կարող են զբաղվել բոլոր կրոնական համոզմունքներով մարդիկ, ինչպես նաև մարդիկ, ովքեր չունեն որևէ կրոնական համոզմունքներ:
Հարց` Յոգան ասում է, որ մենք ապրում ենք բազմաթիվ կյանքեր, մինչև հասնում ենք այն վիճակին, որտեղ չկա մահ: Շատ կրոններում ոչինչ չի ասվում այդ մասին: Արդյոք յոգան դրանով չի հակասում կրոնին:
Ոչ, որևէ հակասություն չկա: Ցանկացած կրոնի բոլոր ճշմարիտ ՈՒսուցիչները և Սրբերը տվել են հոգևոր զարգացման այնպիսի ուժեղ մեթոդներ, որ ցանկացած անկեղծ հետևորդ հասել է ամենաբարձր հոգևոր վիճակի մեկ կյանքի ընթացքում: Հետևաբար, կարիք չի եղել խոսել բազմաթիվ կյանքերի մասին, քանի որ հնարավոր էր հասնել այդ ամենին մեկ կյանքի ընթացքում: Յոգան նույնպես առաջարկում է շարժվել հոգևոր զարգացման ճանապարհով որքան հնարավոր է արագ, և լավագույն դեպքում անցնել ամբողջ ճանապարհը մեկ կյանքում, որպեսզի խուսափենք բոլոր տառապանքներից, որոնք առաջանում են տգիտության հետևանքով:
Հարց` Յոգան դա գաղտնի ուսմունք է: Յոգան բաց, թե փակ ինքնաճանաչման համակարգ է:
Յոգան հանդիսանում է ամբողջովին բաց ինքնաճանաչման համակարգ: Այսինքն, այդ համակարգի բոլոր հիմնարար սկզբունքները, կամ յոգայի աքսիոմատիկան մատչելի է այնքան, որքանով որ որևէ բան կարող է հասանելի լինել բոլոր յոգա սովորել ցանկացողներին: Այսինքն, կան յոգայի ընդհանուր դրույթներ, կամ յոգայի աքսիոմաներ, որոնցից բխում են յոգայի բոլոր վարժությունները, գործելակարգերը (պրակտիկաները) և յոգայի մյուս փիլիսոփայական սկզբունքները: Այս ընդհանուր դրույթները, կամ աքսիոմաները միշտ բացեիբաց հրապարակվել են հանրության համար, ի տարբերություն այլ կրոնական-փիլիսոփայական համակարգերի, որտեղ այդ համակարգերի հիմնարար սկզբունքները ամբողջությամբ փակ են եղել այդ համակարգերի շարքային հետևորդների համար: Այսինքն, այդ փակ կրոնա-փիլիսոփայական համակարգերի հետևորդներին տրվել են միայն վարժությունները, առանց չնչին ակնարկի կամ բացատրության, թե ինչից են նրանք բխում, ինչ տրամաբանության և փիլիսոփայության կա նրանց հիմքում: Նրանցից պահանջվել է միայն հավատ:
Օգտվելով ժամանակակից համակարգչային տերմինաբանությունից, կարելի է ասել, որ յոգան բաց սկզբնական կոդով համակարգ է, և բոլորին առաջարկվում է ուսումնասիրել այն, մինչ այն օգտագործելը կամ նրան հավատալը:
Յոգան սկզբունքորեն համարում է, որ յոգայի գիտելիքները պետք է պատկանեն ամբողջ մարդկությանը, այլ ոչ թե մի բուռ ընտրյալների:
Ուրիշ բան, որ յոգայի հիմնարար հանրամատչելի սկզբունքներից բխող որոշ առանձնահատուկ պրակտիկաներ կամ հետևություններ երբեմն բացահայտ չեն հրապարակում, քանի որ չպատրաստված մարդիկ կարող են անխոհեմ և ոչ խելամիտ օգտագործել դրանք` պատճառելով վնաս իրենց և ուրիշներին:
Դուք կարող եք բացեիբաց ուսումնասիրել միջուկային ֆիզիկան ''Մոսկվայի միջուկային հետազոտական ազգային համալսարան''-ում, առանց առանձնահատուկ խոչընդոտների: Բայց կոնկրետ ուղեցույցներ, թե ինչպես խոհանոցում պատրաստել միջուկային ռումբ, դուք չեք գտնի հանրամատչելի գրականությունում, քանի որ դա կարող է հանգեցնել վնասակար և ավելորդ հետևանքների բոլորի համար: Այդպես էլ յոգան լիովին բացահայտում է իր սկզբունքները, բայց կան պրակտիկաներ, որոնց մասին դուք կիմանաք և ձեզ կթույլատրվի մասնակցել նրանց, միայն վստահ լինելու դեպքում, որ դուք խստորեն և հավատարիմ կերպով կհետևեք կյանքի բարոյաէթիկական նորմերին: Կամ դուք պետք է ինքներդ վերաբացահայտեք այդ պրակտիկաները: Եթե դուք ինքնուրույն փորձեք վերաբացահայտել ձեզ անհրաժեշտ պրակտիկան, դուք շատ ջանքեր ու ժամանակ կծախսեք և վերջապես կգիտակցեք, որ առանց բարոյաէթիկական նորմերի պահպանման, դուք միևնույնն է, արդյունքի չեք հասնի: Դա յուրօրինակ «պաշտպանություն է հիմարից» կամ «ինքնահավան սուպերպրոֆեսիոնալից»:
Այսպիսով յոգան բաց համակարգ է, որտեղ բացեիբաց հրապարակվում են բոլոր հիմնական դրույթները և սկզբունքները: Յոգա սովորել ցանկացող յուրաքանչյուր մարդ, հիմնվելով այդ սկզբունքների վրա կարող է վերաբացահայտել բոլոր մեթոդները, վարժությունները և գործելակարգերը, որոնք երբևէ եղել են հայտնի: Ավելին, ինքնաճանաչման բաց համակարգը թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ պրակտիկաներ, որոնք ուղղված են ինքնաճանաչման ճանապարհին հանդիպող մասնավոր խնդիրների լուծմանը, հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի, տարածաշրջանի և յոգայով հետաքրքրվող մարդկանց ապրելակերպի առանձնահատկությունները: Այդ է պատճառը, որ յոգան գոյատևել է դարեր, և արդարացրել ու արդարացնում է իրեն ինչպես հին ժամանակներում և միջնադարյան Հնդկաստանում, այնպես էլ ժամանակակից արևմտյան աշխարհում: Իմանալով յոգայի աքսիոմատիկան մարդկության ուսուցիչները հեշտությամբ ադապտացնում են այս ուսմունքը տարբեր երկրների, ազգերի և մշակույթային միջավայրերի առանձնահատկություններին: Յոգան երբեք կասկածի տակ չի դնում տվյալ տարածաշրջանի ավանդույթները և մարդկանց փիլիսոփայական հայացքները: Յոգան ներդաշնակորեն, առանց բռնության ինտեգրվում է մարդկանց կյանքին, չփորձելով փոխարինել կրոնին, գիտությանը և բժշկությանը, ինչպես նաև չի պարտադրում որևէ մեկին ինչ-որ օտար, <<յոգական ապրելակերպ>>: Եվ դա շատ լավ է հաջողվում, որովհետև ունենալով առաջնային, սկզբունքային դրույթների ամուր, հետևողական և տրամաբանական համակարգ, յոգան հիանալիորեն և ճարպկորեն հարմարվում է մարդկանց պահանջներին և կարիքներին, նրանց ռասայական, էթնիկական, ազգային կամ կրոնական-փիլիսոփայական պատկանելիությունից անկախ:
Բայց, ցավոք սրտի, յոգան անհետանում է մի շարք յոգայից անկախ պատճառներով: Մեր ժամանակներում աստիճանաբար ավելի քիչ Յոգայի ուսուցիչներ են մնում, ովքեր հասկանալով յոգայի աքսիոմները, կարող են հարմարեցնել յոգայի պրակտիկաները ժամանակակից կյանքի պայմաններին: Յոգայի շատ գիտելիքներ մեզ հասել են սեղմ, կրճատված, ոչ հանգամանալից տեսքով: Իրավիճակը ուրախացնող չէ:
Հիմա անհրաժեշտ են մարդիկ, ովքեր, ուսումնասիրելով յոգայի աքսիոմատիկան, սեփական պրակտիկայով և փորձով կվերաբացահայտեն և կվերալրացնեն յոգայի անհետացած գիտելիքները:
Յոգայի գիտելիքների հրապարակայնությունը և մատչելիությունը մեծ բարիք է մարդկության համար և հանդիսանում է յոգայի գիտելիքների պահպանման գրավական և երաշխիք, որ նույնիսկ դարեր հետո յոգան ինչպես հավերժ երիտասարդ աղջիկը կմնա բարեկազմ, գրավիչ և ժամանակակից:
Այդ հրապարակայնության մատչելիության բացասական կողմն այն է, որ շատ հեշտությամբ կարող են հայտնվել թերուս և կիսագրագետ անձինք, ովքեր յոգայի գիտելիքներից կարող են առանձնացնել ինչ-որ մի կտոր, և դրա հիմքի վրա կառուցել իրենց «նոր հոգեբանական ուսմունքը», «աղանդը», «բոլոր հիվանդությունների բժշկական համադարմանը» և այլն: Նման կիսագրագետները իրական վտանգ են ներկայացնում յոգայի համար: Մի գիշերվա ընթացքում կարդալով յոգայի մասին գիրք, կամ երկու շաբաթվա ընթացքում անցնելով <<Յոգայի դիպլոմավորված ուսուցիչների պատրաստման դասընթաց>> նրանք սկսում են համարել իրենց յոգայի առաջադեմ ուսուցիչներ: Նրանցից ոմանք նույնիսկ փորձում են պաշտպանել իրենց արտոնագրերը գրագողությամբ: Դա ծիծաղելի է և տխրեցնող: Թվում է, որ յոգայի հրապարակայնության հետևանքով շուտով յոգայի ոչ մի ուսանող կամ աշակերտ չի մնա, և բոլորը կդառնան «Ուսուցիչներ»: Յոգայի գիտելիքներով տոգորվելու և այդ գիտելիքները մեր մեջ խորապես արմատավորվելու համար պահանջվում է ամենաքիչը մի քանի տարի յոգայի բարձրակարգ մասնագետների հսկողության և ղեկավարության ներքո: Ամեն դեպքում ուսուցման պրոցեսը մեզ մոտ` “Միջազգային Բաց Յոգա Համալսարան”-ում տևում է ամենաքիչը 4 տարի, իսկ ուսանողներից շատերը ավարտելուց հետո շարունակում են յոգայի պարապմունքների հաճախել և կրկին ուսումնասիրում են յոգայի որոշ բաժիններ:
Հարց` Ինչպես է յոգան վերաբերվում գիտությանը:
Յոգան վերաբերվում է գիտությանը շատ հարգալից: Յոգան չի փոխարինում գիտությանը և չի հակասում գիտությանը: Բանականությունը, առողջ միտքը և տրամաբանությունը բացարձակ անհրաժեշտ են և յոգայում, և գիտության մեջ: Սակայն, ի տարբերություն գիտության, յոգան առաջին հերթին կոչ է անում աշխարհի ճանաչման պրոցեսում հետևել համապատասխան բարոյական նորմերին, ձգտել վնաս չհասցնել որևէ կենդանի էակի: Թեև, հավանաբար, յոգայում կան այնպիսի գիտելիքներ, որոնց ժամանակակից գիտությունը դեռևս չի մոտեցել, և որոնք ավելի շատ կարելի է վերագրել վերտրամաբանությանը, բայց յոգան կտրականապես հայտարարում է, որ վերտրամաբանությունը երբեք չի հակասում տրամաբանությանը և ողջախոհությանը, այլ լրացնում է նրանց: Յոգան ասում է, որ տրամաբանությունը դա վերտրամաբանության մասնավոր դեպքն է: Այսինքն, յոգայի ամենաբարձրակարգ գիտելիքները երբեք չեն հակասում սովորական գիտելիքներին, այդ թվում այն գիտելիքներին, որոնցով զբաղվում է ժամանակակից գիտությունը: Այսպիսով, յոգան չի հակասում, և չի փոխարինում գիտությանը, այլ ավելի շատ ինչ-որ տեղ, լրացնում է և ներմուծում է բարոյականության և բարության տարրեր:
Հարց: Արդյոք յոգան հակասում է գիտությանը: Շատ բաներ, որոնց մասին ասվում է յոգայում, անհայտ են գիտությանը:
Ոչ, որևէ հակասություն չկա: Իսկապես կան շատ նմանություններ գիտության և յոգայի միջև: Ե՛վ գիտությունը, և՛ յոգան զբաղվում են մարդու և տիեզերքի ուսումնասիրությամբ: Ե՛վ գիտությունը, և՛ յոգան սրբորեն հետևում են առողջ մտածելակերպի և տրամաբանության սկզբունքներին: Ե՛վ գիտության և՛ յոգայի մեջ դիտարկումը և փորձն են հանդիսանում այս կամ այն կոնկրետ տեսության կամ ուսմունքի ճշմարտության չափանիշը:
Սակայն, կան բավականին լուրջ տարբերություններ յոգայի և ժամանակակից գիտության միջև: Առավել հիմնարար տարբերությունը բարոյաէթիկական բնույթի է և ուղղակիորեն կապված է յոգայի առաջին սկզբունքի հետ: Տիեզերքի և ինքնաճանաչման պրոցեսում յոգը միշտ ձգտում է վնաս և տառապանք չպատճառել որևէ կենդանի էակի, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն, իսկ գիտնականի գործողությունները սովորաբար չեն սահմանափակվում նմանատիպ նորմերով և սկզբունքներով:
Միակ բանը, որ կարող է ինչ-որ չափով բարոյապես ազդել գիտաշխատողի վրա, այդ այն մշակութային միջավայրի անուղղակի ազդեցությունն է, որտեղ մեծացել, ապրում կամ աշխատում է գիտնականը: Բայց այդ ազդեցությունը շատ տարբեր է: Օրինակ` Նացիստական Գերմանիայում և Ճապոնիայում կարող էին կատարել անմարդկային, սարսափելի փորձարկումներ մարդկանց, բանտարկյալների և կենդանիների վրա, համարելով նրանց երկրորդ կարգի, ցածրակարգ էակներ, երբեմն առանց որևէ որոշակի նպատակի, իսկ այլ երկրներում այդ համարվում էր անընդունելի:
Իհարկե, մարդկությունը երբեմն ստիպված է լինում կատարել փորձարկումներ կենդանիների վրա, որպեսզի կարողանա օգնել էլ ավելի մեծ քանակի կենդանի էակների:
Բժիշկները գոնե Հիպոկրատի երդում են տալիս` «Մի վնասիր»: Գիտնականը իր հետազոտություններում չի սահմանափակվում որևէ բանով, և շատերը նույնիսկ հպարտանում են դրանով, անվանելով այդ «անաչառություն, անկողմնակալություն»: Այսինքն, յոգ կարող է կոչվել և դառնալ միայն այն մարդը, ով առաջին հերթին հետևում է յոգայի առաջին սկզբունքին կամ հումանիզմի և բարության սկզբունքին: Գիտնական կարող է դառնալ յուրաքանչյուր մարդ, ով քիչ թէ շատ չափով զարգացրել է բանականությունը, նույնիսկ եթե այդ մարդը մանյակ է, սադիստ կամ սառնասիրտ մարդասպան: Եթե առաջ անբարոյականությունը և կեղծարարությունը գիտական գործունեության մեջ համարվում էր խայտառակություն, և գիտնականը համարվում էր ազնվության, մարդասիրության և անկաշառության չափանիշ, ապա հիմա հնարավոր է հանդիպել բավականին կասկածելի մարդկանց, ովքեր օգտագործելով իրենց բանականությունը, պայքարում են “երկնքի տակ իրենց տեղ գտնելու համար”, ինչպես կենդանին, որը ժանիքներով պայքարում է իր կյանքի համար, և գրում են կասկածելի հոդվածներ ամենօրյա հաց վաստակելու համար:
Յոգը ավելի շուտ, ընդհանրապես կհրաժարվի ձեռք բերել ցանկացած գիտելիք, քան ստանալ այն կենդանի էակներին ավելորդ և անտեղի տառապանքներ պատճառելով:
Երկրորդ կարևոր տարբերությունը գիտության և յոգայի միջև կայանում է ճանաչման համար հաշվարկման սկզբնակետի ընտրության մեջ: Գիտնականի համար դա ինչ-որ արտաքին սկզբնակետ է, որը երբեմն անվանում են օբյեկտիվ իրականություն: Այսինքն, ցանկացած տեսության ճշմարիտ լինելը հաստատող բոլոր փորձերը, պետք է տան միևնույն արդյունքը արտաքին դիտորդների համար: Յոգը հաշվարկման սկզբնակետ է համարում իր Եսը (Высшее Я), քանի որ միայն այդ կերպ նա կարող է կատարել ուսումնասիրություններ, որոնք կարող են տևել, ասենք, մի քանի կյանքեր: Արդյունքը պետք է լինի վերարտադրելի հենց այդ հաշվարկման սկզբնակետից դիտարկելիս: Միեւնույն ժամանակ, արդյունքների այն մասը, որոնք կարող են դիտարկվել արտաքին միջավայրում և վերահսկվել այլ դիտորդների կողմից, պետք է վերարտադրելի լինեն արտաքին միջավայրում, ինչպես գիտության մեջ: Այսպիսով, գիտնականների հաշվարկման սկզբնակետը, հանդիսանում է յոգայի հաշվարկման սկզբնակետի մասնավոր դեպք: Որպես այդ տարբերության հետևանք գիտությունը և յոգան երբեմն տարբեր ձևով են մեկնաբանում միանման երևույթները: Օրինակ, ժամանակակից գիտությանը այսօր հայտնի է միայն չորս տեսակի փոխազդեցություններ` ուժեղ, թույլ, էլեկտրամագնիսական և գրավիտացիոն: Այնպիսի երևույթի էությունը, ինչպիսին գիտակցությունն է, գիտնականները հակված են ներկայացնել որպես մի բան,որը առաջանում է այդ փոխազդեցությունների արդյունքում: Իսկ յոգան համարում է, որ գիտակցությունը դա ինքնուրույն գոյություն ունեցող երևույթ է և հիմնված չէ էներգիայի վրա, և որ գիտակցությունը և էներգիան հանդիսանում են ինչ-որ ավելի ամբողջական երևույթի` փրանայի բաղադրիչներ: Յոգայի և գիտության միջև այդպիսի տարբերությունները բազմաթիվ են:
Վերջապես, պետք է հիշել, որ այն, ինչ մենք անվանում ենք գիտություն, ձևավորվել է ընդամենը վերջին երեք կամ չորս հարյուր տարիների ընթացքում, այն դեպքում, երբ յոգայի ուսմունքը մի քանի հազար տարեկան է: Այդ պատճառով, հավանաբար ժամանակակից գիտնականները պարզապես դեռ չեն հասցրել կրկին վերաբացահայտել գիտելիքների այն մասը, որոնք մեզ հասել են յոգայի հնագույն ուսմունքի միջոցով: Այդ փաստը նույնպես կարող է հանդիսանալ յոգայի և գիտության թվացյալ արտաքին տարբերությունների պատճառ:
Հարց` Հնարավոր է արդյոք յոգայի վարժությունների էությունը և կառուցվածքը բացատրել ժամանակակից գիտության տեսակետից:
Այո: Յոգան համարում է, որ բոլոր գիտելիքները կարելի է բաժանել երեք մասի` անտրամաբանական գիտելիքներ, տրամաբանական գիտելիքներ և վերտրամաբանական գիտելիքներ:
Անտրամաբանական գիտելիքը կամ հիմարությունը առաջանում է թերզարգացած բանականության և բնազդների գերակայության հետևանքով, որոնք մենք ժառանգել ենք կենդանիների մարմիններում ապրած ժամանակներից:
Տրամաբանական գիտելիքը այն գիտելիքն է, որը դիմանում է մեր առողջ մտքի կամ հղկված և զարգացած բանականության քննադատությանը, որը գիտելիքները ուսումնասիրելու և ստուգելու ժամանակ առաջնորդվում է տրամաբանության սկզբունքներով: Տրամաբանությունը ինքնին հանգեցվում է պատճառի և հետևանքի օրենքին, ըստ որի ցանկացած երևույթ առաջանում է ոչ թե ինքնին, այլ առաջանում է որոշակի, երբեմն ոչ ակնհայտ պատճառներից և բերում է որոշակի միանշանակ հետևանքների:
Պատճառի և հետևանքի օրենքը յոգայում անվանվում է Կարմայի օրենք: Բոլոր անտրամաբանական գիտելիքները կամ հիմարությունները չեն կարողանում դիմակայել տրամաբանության և բանականության առողջ քննադատությանը, և ցույց են տալիս իրենց անկենսունակությունը, անհիմն և ոչ ճշմարտացի լինելը: Այդ պատճառով տրամաբանությունը ամբողջ անտրամաբանական գիտելիքների անողոք թշնամին է: Այն փաստը, որ պատճառից առաջանում է հետևանքը, և ոչ թե հակառակը, պայմանավորված է ժամանակի միակողմանի գծային ընթացքով, այսինքն ժամանակը “շարժվում է” միայն դեպի ապագա, այլ ոչ թե հակառակը: Հետևաբար տրամաբանություն հասկացությունը և ժամանակի ընթացք հասկացությունը կապված են միմյանց հետ: Սակայն մենք չենք կարող խոսել ժամանակի մասին, առանց տարածության և այդ տարածության մեջ գտնվող օբյեկտների և տեղի ունեցող երևույթների մասին խոսելու: Տարածությունը և այդ տարածության մեջ գտնվող օբյեկտներն ու տեղի ունեցող երևույթները հանգեցվում են էներգիա հասկացությանը, կամ ավելի ընդհանուր հասկացողության, որը յոգայում կոչվում է Շակտի: Այսինքն տրամաբանական գիտելիքների մասին մենք կարող ենք խոսել միայն մեր տիեզերքի այն մասերը դիտարկելիս, որտեղ կան տարածության և ժամանակի գործոններ:
Եթե պատկերացնենք, որ կան մեր տիեզերքի մասեր և կառուցվածքներ, որոնք գտնվում են տարածությունից և ժամանակից դուրս, ապա մենք մոտենում ենք վերտրամաբանական գիտելիքների հայեցակարգին: Վերտրամաբանական գիտելիքը չի հանդիսանում անտրամաբանական հիմարություն, բայց միևնույն ժամանակ սովորական տրամաբանության օրենքները չեն կարող բացատրել այդ գիտելիքները: Վերտրամաբանական գիտելիքը յոգայում համարվում է այսպես կոչված համընդհանուր գիտելիք, իսկ տրամաբանական գիտելիքները պարզապես համարվում են վերտրամաբանական գիտելիքների մասնավոր դեպք:
Անտրամաբանական գիտելիքը կամ հիմարությունը հանդիսանում է սխալ գիտելիք: Յոգայի ինքնաճանաչման համակարգը հիմնված է վերտրամաբանական գիտելիքների վրա, որի օգնությամբ հնարավոր է տրամաբանորեն հիմնավորել, թե յոգայի այս կամ այն վարժությունը կամ տեխնիկան ինչու և ինչպես է օգնում: Բայց կա մի դժվարություն` տրամաբանության տեսակետից անտրամաբանական և վերտրամաբանական գիտելիքները կարող են բացարձակ նման թվալ: Անտրամաբանականը վերտրամաբանականից տարբերակելելու միակ վստահելի միջոցը, դա տրամաբանության ակտիվ օգտագործումն է: Անտրամաբանականը չի դիմանում տրամաբանության ճնշմանը և փլուզվում է, իսկ վերտրամաբանականը մնում է անփոփոխ: Տրամաբանությունը անզոր է վերտրամաբանության դեմ: Այդ պատճառով յոգայի բարձրագույն ուսմունքը ոչ մի կապ չունի հիմարության հետ:
Եթե դուք հանդիպեք ինչ-որ դատարկաբանի, ով քարոզում է կասկածելի գիտելիքներ, ներկայացնելով դրանք որպես “հայտնություն երկնքից”, ապա դուք առանց երկմտելու կարող եք կիրառել տրամաբանությունը և ցույց տալ այդ մտքերի անհիմն և ոչ ճշմարտացի լինելը: Բարձրագույն գիտելիքները չեն հակասում առօրյա գիտելիքներին, այլ լրացնում է դրանք: Տրամաբանության կիրառումը չի կարող վնասել վերտրամաբանությանը, այլ ընդհակառակը կօգնի ավելի լավ ըմբռնել այդ բարձրագույն օրենքների էությունը:
Գիտելիքների մասին խոսելիս, մենք պետք է խոսենք նաև այն մարդու մասին, ով գործ ունի այդ գիտելիքների հետ: Տառերի ցանկացած խումբ հանդիսանում է ինֆորմացիա կրող, միայն եթե կա մարդու գիտակցությունը, որը ընկալում և մեկնաբանում է տառերի այդ խումբը: Այսինքն, չկա գիտելիք և իմացություն առանց գիտակցության: Այն ամենը, ինչին ուղղված է գիտակցության լույսը, տալիս է գիտակցությանը իր մասին բոլոր ինֆորմացիան: Դա գիտակցության անքակտելի և անբաժանելի հատկությունն է: Յոգայում համարվում է, որ գիտակցությունը ոչ թե առաջանում է բանականությունում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում, այլ հանդիսանում է ինքնուրույն և ինքնաբավ երևույթ: Գիտակցությունը բանականությունից չի առաջանում, այլ ընդամենը օգտագործում է բանականությունը իր աշխատանքի մեջ: Այն դեպքում, երբ գիտակցությունը օգտագործում է մեր սովորական բանականությունը, որը գտնվում է ժամանակի և տարածության մեջ, մենք գործ ենք ունենում տրամաբանության կամ տրամաբանական գիտելիքների հետ: Եթե յոգայով զբաղվելու արդյունքում մենք սովորենք ուղղել գիտակցության ճառագայթները ոչ թե մեր բանականության սովորական կառույցների միջոցով, այլ ժամանակից և տարածությունից դուրս գտնվող մեր բարձրագույն ինտուիցիայի կառույցների միջոցով, ապա մենք կարող ենք ստանալ վերտրամաբանական գիտելիքներ:
Հարց: Յոգայի ինչ տեսակներ գոյություն ունեն աշխարհում:
Արևմուտքում ապրող մարդկանց համար առավել արդիական են յոգայի հետևյալ հիմնական չորս տեսակները` Հատհա (ստատիկ) յոգան, Կրիա (դինամիկ) յոգան, Փրանայամա (շնչառական) յոգան, Մանթրա (ձայնային և մտավոր վիբրացիաների) յոգան: Միջազգային Բաց Յոգա Համալսարան-ում դուք կարող եք ուսումնասիրել նաև յոգայի ավելի քան երեսուն տարբեր տեսակներ, բայց առանց այդ չորս տեսակների համարյա անհնար է:
Հարց: Ինչպես են փոխանցվում յոգայի գիտելիքները և ինչպես է ընթանում ուսուցումը: Որտեղ կարելի է գտնել և կարդալ յոգայի ամենահին սկզբնաղբյուրները:
Որքան որ հնարավոր է ենթադրել այժմ, յոգայի գիտելիքները հին ժամանակներում փոխանցվել են բանավոր կերպով, այսինքն ուսուցչի և աշակերտի անմիջական շփման միջոցով:
Ավելի ուշ, երբ յոգան սկսել է արագորեն անհետանալ և առաջացել է գիտելիքների փոխանցման շարունակականության ընդհատման վտանգ, յոգայի ուսմունքի այս կամ հատվածները սկսել են գրի առնել տեքստերի ձևով կամ արձանագրել այլ միջոցներով:
Գտնել և կարդալ յոգայի ամենահին սկզբնաղբյուրները հնարավոր չէ, քանի որ յոգայի գիտելիքները հին ժամանակներում փոխանցվել են բանավոր կերպով:
Ենթադրվում է, որ յոգայի ուսմունքի ամբողջ էությունը նկարագրվում է հնագույն Վեդաներում, իսկ բոլոր հետագա տեքստերը միայն մեկնաբանում և վերլուծում են Վեդաները:
Ամբողջությամբ յոգային նվիրված գրավոր հնագույն ամենահեղինակավոր տեքստերից մեզ է հասել Փաթանջալու ՛՛Յոգա սուտրաները՛՛, որը ցավոք յոգայի թեորիայի և պրակտիկայի հետևողական, համակարգված և մանրամասն շարադրանք չէ, այլ կրճատ համակարգում է յոգայում եղած տարբեր մոտեցումները ութ հաջորդական քայլերում:
Հարց՝ Աշխարհագրորեն որտեղից է մեզ հասել յոգան, որն է յոգայի աշխարհագրական հայրենիքը:
Ենթադրվում է, որ հին ժամանակներում յոգան լայնորեն տարածված է եղել տարբեր երկրներում և տարբեր ժողովուրդների շրջանում: Մինչ այժմ շատ երկրների (սկսած Ռուսաստանից, Սկանդինավյան երկրներից, Եվրոպայով մինչ Եգիպտոս և Մերձավոր Արևելք) ամենահին պատմական լեգենդներում և առասպելներում մենք կարող ենք գտնել յոգայի ուսմունքի մասին արձագանքներ: Հետագայում, ոչ այնքան ակնհայտ պատճառներով յոգայի տարածման արեալը զգալիորեն փոքրացել է՝ ընդգրկելով Հին Հնդկաստանի և նրան հարակից որոշ երկրների տարածքը: Այդ տարածաշրջանում են գտնվում ժամանակակից Աֆղանստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Միջին Ասիայի երկրները, ժամանակակից Հնդկաստանը, Նեպալը, Բութանը, Տիբեթը և Հարավ-Արևելյան Ասիայի երկրները: Մեր օրերում այդ տարածքը ավելի է փոքրացել և ներառում է միայն ժամանակակից Հնդկաստանի և Հիմալայան երկրների տարածքը:
Ամեն դեպքում, հավանաբար այս հարցին կարող են լիարժեք պատասխան գտնել ժամանակակից պատմաբանները, լեզվաբանները և հնագետները:
Վերլուծելով տարբեր դպրոցների հին տեքստերում և բանավոր ավանդույթներում եղած տվյալները հնում յոգայի հետևորդների ունակությունների և հնարավորությունների մասին, շատ հեշտ է եզրակացնել, որ մեզ են հասել այդ գիտելիքների միայն շատ փոքր մասերը: Հետևաբար, այս պահին առավել կարևոր խնդիրներից է փրկել, պահպանել յոգայի գիտելիքների այն փշրանքները, որոնք պահպանվել են մինչ մեր օրերը:
Պետք է տարբերել յոգայի Ուսուցիչ, յոգայի դասախոս և յոգայի հրահանգիչ (ինստրուկտոր) հասկացությունները: Յոգայի ՈՒսուցիչը յոգայում համարվում է Կյանքի Ուսուցիչ և միշտ գրվում է մեծատառով:
Հարց: Ինչպես կարող եմ տարբերել, թե յոգայի որ դպրոցն է իմը: Ով կարող է օգնել ինձ այդ հարցում, արդյոք կան որևէ չափանիշներ:
Ցավոք, այս հարցում դժվար թե որևէ մեկը կարողանա օգնել ձեզ: Խնդիրն այն է, որ գտնվելով այս կամ այն յոգայի դպրոցում, դուք ինքներդ պետք է զգաք, հանդիսանում է արդյոք այդ դպրոցը ձերը, թե ոչ: Միայն ձեր ինտուիցիան կարող է օգնել ձեզ:
Երբ մարդ գտնում է իր յոգայի դպրոցը, նա հասկանում է այդ ոչ միայն բանականությամբ, այլ նաև զգացմունքներով: Երբեմն մարդը ինտուիտիվ կերպով զգում է, որ գտել է այն, ինչին անգիտակցաբար, առանց հասկանալու ձգտել է ամբողջ կյանքում: Երբ նման մարդը ուսումնասիրում է յոգայի ուսմունքը, սկսում է հասկանալ, որ մինչ այդ ինքը միշտ այդպես է մտածել, պարզապես չի կարողացել հստակ և ճշգրիտ բառերով արտահայտել այդ ամենը: Մարդը ուրախություն և հաճույք է զգում ուսումնասիրելով յոգայի տեսությունը և պրակտիկան: Երբեմն յոգայի այս կամ այն դրույթները իրենց տրամաբանականությամբ, կատարելությամբ ու գեղեցկությամբ առաջացնում են իրական բերկրանք (էյֆորիա) մի մարդու մոտ, ով հակված չէ հուզական ռեակցիաների իր առօրյա կյանքում և սովոր է զսպել իր զգացմունքները: Եվ երբ յոգայի տեսությունը հաստատվում է գործնականում, մարդը զգում և հասկանում է, որ գտնվում է իր կյանքում մի շատ կարևոր փոփոխության շեմին, կարծես մտնում է մանկության հեքիաթային, կախարդական մի աշխարհ: Երբեմն յոգայի վեհության գիտակցումից մարդու <<մարմնով սարսուռ է անցնում և մարմինը փշաքաղվում է>>:
Ամեն դեպքում, միայն դուք կարող եք որոշել, թե որն է յոգայի ձեր դպրոցը:
Հարց: Որտեղ կարող եմ գտնել յոգայի Ուսուցիչ, դասախոս կամ հրահանգիչ (ինստրուկտոր, մարզիչ):
Յոգայի Ուսուցիչ գտնելը հսկայական հաջողություն է կյանքում: Ուսուցիչը հայելի է, որում դուք կարող եք տեսնել ձեր Բարձր Եսը և շատ արագ հասնել յոգայի ամենավերին բարձունքներին: Մինչ ձեր Ուսուցչին գտնելը և հանդիպելը դուք պետք է ինքնուրույն բավականին մեծ աշխատանք կատարեք ինքնազարգացման և ինքնակատարելագործման առումով: Յոգան խորհուրդ է տալիս չսպասել մինչ ձեր Ուսուցչին գտնելը, այլ անմիջապես սկսել աշխատել ինքներդ ձեզ վրա, պատրաստվելով ապագայում ձեր Ուսուցչի հետ հնարավոր հանդիպմանը: Կա այսպիսի ասույթ՝ <<Պատրաստ է աշակերտը, պատրաստ է և Ուսուցիչը>>:
Յոգայի դասախոսը հենց այն անձն է, ով կարող է նախապատրաստել Ձեզ Ձեր ուսուցչի հետ հանդիպմանը: Յոգայի դասախոսը կարող է ծանոթացնել ձեզ յոգայի փիլիսոփայության, տեսության, պրակտիկայի և յոգայի տարբեր ենթաբաժինների հետ, պատասխանել ձեր յոգայի անձնական պրակտիկային վերաբերող հարցերին: Բայց յոգայի դասախոսը երբեք չի կարող հավակնել յոգայի Ուսուցչի դերին: Յոգայի դասախոսի դերը անհամեմատ ավելի համեստ է: Յոգայի դասախոս գտնելը շատ ավելի հեշտ է, քան յոգայի Ուսուցիչ գտնելը:
Հաճախ յոգայի դասախոսը կարող է բավարար ժամանակ չգտնել յոգայի սովորական պրակտիկ պարապմունքներ անցկացնելու համար, քանի որ նրա պարտականությունների մեջ է մտնում նաև յոգայի մասին դասախոսություններ կարդալը, յոգայի մասին թեորետիկ սեմինարներ անցկացնելը և յոգայի գիտելիքների տարածման հետ կապված այլ աշխատանքները: Այս հարցում յոգայի դասախոսներին օգնում են յոգայի հրահանգիչները (մարզիչները, ինստրուկտորները): Յոգայի ինստրուկտորի խնդիրն է պարբերաբար յոգայի պրակտիկ պարապմունքներ անցկացնելը բոլոր ցանկացողների համար: Գրագետ յոգայի հրահանգիչ գտնելը շատ ավելի հեշտ է, քան յոգայի դասախոս գտնելը:
Այսպիսով յոգայում ամեն ինչ հիմնված է առողջ մտածելակերպի և մարդկանց օգնելիս արդյունավետ աշխատելու սկզբունքների վրա: Եթե դուք կատարում եք յոգայում Ձեր առաջին քայլերը, դուք պետք է փնտրեք յոգայի հրահանգչի, որպեսզի կարողանաք կողմնորոշվել, հետաքրքրում է ձեզ յոգայի ամբողջ ուսմունքը, թե ձեզ բավարարում են միայն յոգայի պրակտիկ վարժությունները: Եթե դուք հետաքրքրված եք յոգայի ավելի բարձր ենթաբաժիններով, ապա այդ հարցում ձեզ կարող է օգնել յոգայի դասախոսը:
Այստեղ Միջազգային Բաց Յոգա Համալսարանում դուք կարող եք գտնել յոգայի մարզիչ և դասախոս: Յոգայի Ուսուցիչ դուք պետք է փնտրեք ինքներդ, և այդ հարցում դժվար թե որևէ մեկը կարողանա օգնել ձեզ :
Հարց՝ Արդյոք յոգան երկարացնում է մարդու կյանքի տևողությունը:
Յոգան դա ինքնաճանաչման մասին համակարգ է , այդ ինքնաճանաչման արդյունքում առաջանում են գիտելիքներ այն մասին, թե ինչպես է աշխատում մեր օրգանիզմը, և թե ինչպես կարելի է անել, որ մեր օրգանիզմը սկսի աշխատել ամբողջ հզորությամբ՝ առանց թերությունների, խափանումների և ընդհատումների: Այդ գիտելիքների առկայությունը հանգեցնում է այն բանին, որ առաջանում է հնարավորություն զգալիորեն երկարացնել մարդու կյանքի տևողությունը: Անհրաժեշտ է հիշել, որ յոգան բավականին հանգիստ է վերաբերվում մահվան պրոցեսին և չի համարում այն արտասովոր երևույթ:
Յոգայի ուսմունքի համաձայն յոգայով զբաղվող մարդը մահից հետո կարող է կրկին ծնվել մի ընտանիքում, որի հետ նա ունի անմիջական ազգակցական կապ: Յոգերը առաջին հերթին ձգտում են ոչ թե կյանքի տևողության երկարացմանը, այլ կյանքի որակի բարձրացմանը: Որովհետև տառապանքներով և հիվանդություններով լի կյանքով երկու հարյուր տարի ապրելը չարիք է, այլ ոչ թե բարիք: Այդ պատճառով յոգայի ուսմունքի համաձայն կարճատև, բայց ինքնաճանաչման և ինքնահաստատման տանող, ձեռքբերումներով, սխրագործություններով լի կյանքը ավելի նախընտրելի է, քան տառապանքներով և հիվանդություններով լի երկարատև կյանքը:
Հնում յոգայի հետևորդները հավանաբար խուսափել են բացեիբաց հրապարակել մարդու կյանքի տևողության երկարացմանը նպաստող գիտելիքները և պրակտիկ վարժությունները, որովհետև այդ գիտելիքները կարող էին հայտնվել չար մարդկանց ձեռքերում:
Հավանաբար շատ վտանգավոր է նման գիտելիքների բացեիբաց հրապարակումը նաև մեր օրերում, երբ առավել հարգված մարդիկ են օրենքով գողերը, ուժային կառույցների վաճառված և կոռումպացված ներկայացուցիչները, դաժան և իշխանասեր բոլոր տեսակի ղեկավարները, կենսաթոշակառուներին թալանող հաստագլուխները, բոլոր այդ սուպերհերոսները և սպանող մեքենաները, 007 գործակալները, որոնք սպանում են իրենց ճանապարհին կանգնած պատահական մարդկանց, իշխանության անդամները, որոնք ձգտում են ամեն գնով ամրապնդել և երկարաձգել իրենց իշխանությունը: Յոգայի ուսուցիչները ևհետևորդները գիտակցաբար չեն ցանկանում հրապարակել այդ գիտելիքները, քանի դեռ մարդկությունը չի դարձել ավելի հոգևոր և չի ազատվել հանցագործ տարրերից, կոռուպցիայից ու մանյակալ հակումներ ունեցող մարդկանցից:
Պետք է հիշել, որ ըստ յոգայի ուսմունքի, մենք բոլորս ստեղծվել ենք Աբսոլյուտի պատկերով ու նմանությամբ, և օժտված ենք անմահությամբ, ինչպես Աբսոլյուտը: Բայց մենք չենք կարողացել օգտվել հավիտյան ապրելու հնարավորությունից, մենք խճճվել ենք մեր ցանկությունների մեջ, մենք սխալ ենք կիրառել մեր կարողությունները: Այս ամենը հանգեցրել է հավերժական տառապանքների հավիտյան երջանիկ կյանքի փոխարեն: Մենք սարդի նման գործել ենք ավելորդ ցանկություններից և ձգտումներից կազմված սարդոստայն և ինքներս խճճվել ենք նրա մեջ:
Այս ամենի արդյունքում մենք սկսել ենք խնդրել Աբսոլյուտից տալ մեզ ամեն ինչ զրոյից կամ նոր էջից սկսելու հնարավորություն և Աբսոլյուտը տվել է մեզ այդ հնարավորությունը: Գործընթացը, որը մենք կոչում ենք մահ, հենց հանդիսանում է ամեն ինչ զրոյից սկսելու և նախկին սխալները չկրկնելու հնարավորություն: Այսինքն, մահը տիեզերքի կողմից մեզ տրված պարգև է, որը փրկում է մեզ հավերժական տառապանքներից: Իրոք, նոր կյանքում մենք ձգտում ենք չկրկնել հին սխալները, բայց կատարում ենք նոր սխալներ, և ստիպված ենք լինում սկսել ամեն ինչ նորից: Այդպիսով կյանքից կյանք մենք ձևավորել ենք ավելի ու ավելի բարդ մարմիններ, որոնք ժառանգաբար փոխանցել ենք մեր սերունդներին, այնուհետև ծնվել ենք կրկին, ստանալով ավելի բարդ մարմիններ մեր ծնողներից, և վերջապես մենք ծնվել ենք մարդկային մարմիններում: Ըստ յոգայի, սկսած այն փուլից, երբ մենք ծնվել ենք մարդու մարմնում, մենք կարող ենք սովորել ապրել հավերժ երջանիկ և ուրախ, ինչը ի սկզբանե նախատեսված է եղել Տիեզերքի կողմից: Երբ մենք սովորենք այդ, մահը մեզ այլևս պետք չի լինի և մենք կարող ենք ապրել հավերժ երջանիկ և ուրախ:
Ինչ վերաբերում է ավելի գործնական մեթոդներին, ապա յոգան սովորեցնում է, որ եթե մենք հետևենք ճիշտ սննդակարգին, կատարենք յոգայի ֆիզիկական և շնչառական վարժությունները, զբաղվենք սեքսով այնպես, ինչպես սովորեցնում են յոգայի համապատասխան ենթաբաժինները, շփվենք միայն հոգևոր մարդկանց հետ և խուսափենք չար մարդկանցից, ապրենք բնության գրկում և բնության հետ ներդաշնակ, ապա հնարավոր է մեր կյանքը երկարացնել այնքան, ինչը անիրազեկ մարդկանց կարող է թվալ հրաշք:
Հարց՝ Ով կարող է զբաղվել յոգայով, ում համար է յոգան:
Յոգայով կարող են զբաղվել բոլոր մարդիկ, անկախ ազգությունից, ռասայական կամ մշակույթային պատկանելիությունից: Յոգան չի ընդունում մարդկանց բաժանումը ըստ ռասայական, ազգային, մշակութային կամ կրոնական պատկանելիության: Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ մի օգտակար բան քաղել յոգայի այս կամ այն վարժություններից: Ոչ մի սկզբնական հմտություններ, ինչպիսին են օրինակ ճկունությունը չեն պահանջվում: Եթե անձը, ինչպես կասեն բժիշկները, «գործնականում առողջ է», ապա կարող է զբաղվել յոգայով: Եթե կան առողջության հետ կապված նույնիսկ փոքր խնդիրներ, ապա անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Հարց: Արդյոք յոգան արգելում է սեքսով զբաղվել:
Ոչ, յոգան չի արգելում սեքսով զբաղվել: Յոգան ընդհանրապես չի հանդիսանում արգելքների և թույլտվությունների համակարգ: Յոգան ինքնաճանաչման մասին համակարգ է, որը տալիս է որոշ խորհուրդներ հիմնվելով յոգերի անցյալում ձեռք բերած փորձի վրա: Ոչ մի յոգի մտքով չի անցնի պարտադրել ուրիշներին ինչ-որ բան արգելող կամ թույլատրող որևէ կենսակերպ: Միակ բանը, որ պնդում է յոգան ձեր սեռական վարքագծի հարցում, դա յոգայի առաջին և երկրորդ սկզբունքներին հետևելն է:
Սեռական էներգիան դա մարդու առավել գեղեցիկ և բարձրագույն դրսևորումներից մեկն է:
Յոգայի այնպիսի ենթաբաժիններ, ինչպիսիք են Տանտրա յոգան, Սեքսուալ միության յոգան և Սիրահարության յոգան (Тантра йогa, йогa Сексуального Союза, йогa Влюбленности) այս կամ այն կերպ զբաղվում են այդ հարցերով: Բայց քանի դեռ դուք չեք ուսումնասիրել այդ բաժինները, դուք կարող եք զբաղվել սեքսով այնպես, ինչպես դա միշտ արել եք, վստահելով ձեր փորձին, ինքնազգացողությանը և առողջ մտքին:
Ինչ էլ որ լինի սեռական կյանքի հետ կապված հարցերը չափազանց նուրբ հարցեր են և միայն դուք պետք է որոշեք, թե ինչպես օգտագործել ձեր սեքսուալ պոտենցիալը:
Հարց՝ Ինչպես կարող ենք իմանալ մարդը հաջողության հասել է յոգայում, թե ոչ: Միգուցե դա ճկունությունն է կամ բարեկազմությունը, կամ կենտրոնանալու կարողությունը:
Յոգայում հաջողության հասնելու չափանիշը միայն մեկն է, դա յոգայով զբաղվելու սովորությունն է: Եթե յոգայով զբաղվելը դարձել է սովորություն, ապա դուք արդեն հասել եք հաջողության յոգայում, իսկ բոլոր օգտակար արդյունքները ձեռք կբերեք ժամանակի ընթացքում:
Հարց՝ Ինչ հիվանդություններ է բուժում յոգան:
Հիվանդությունների բուժմամբ զբաղվում են բժշկական հաստատությունները: Յոգան չի փոխարինում բժշկությանը: Յոգան ինքնաճանաչման համակարգ է, որը օգնում է պահպանել առողջությունը լավ մակարդակի վրա, և երբեմն օգնում է հաղթահարել որոշ հիվանդություններ, բայց դա ավելի շուտ ինքնաճանաչմամբ զբաղվելու արդյունքում առաջացած կողմնակի ազդեցություն է: Եթե դուք ունեք ինչ-որ հիվանդություններ, ապա անհրաժեշտ է առաջին հերթին դիմել բժշկի: Իհարկե, լինում են դեպքեր, երբ յոգան օգնում է հաղթահարել որոշ հիվանդություններ, որոնք մարդը չի կարողացել հաղթահարել բժշկական հաստատություններում, բայց հազիվ թե որևէ մեկը կարող է վստահորեն երաշխավորել, որ ձեզ մոտ էլ այդպես կլինի:
Հարց: Արդյոք յոգան սպորտի տեսակ է:
Սպորտում առաջինը հերթին պարտադիր առկա է մրցակցություն, որտեղ պետք է լինի հաղթող: Երկրորդ հերթին սպորտում առկա է ինչ-որ արտաքին ցուցադրական կողմ, որը թույլ է տալիս որոշել հաղթողին և պարտվողին: Իսկապես, ցանկացած մարզիկ ձգտում է հասնել մասնակիցների կամ հանդիսատեսի համար հասկանալի որոշակի արդյունքների:
Յոգան դա ինքնաճանաչման համակարգ է, որը չի ենթադրում հաղթողների և պարտվողների առկայություն: Բացի այդ, չկա յոգայում հաջողության հասնելը ստուգելու որևէ արտաքին չափանիշ, որով հնարավոր կլինի համեմատել և որոշել հաղթողին, ինչպես սպորտում: Յոգայում ամենակարևորը ներքին ներդաշնակության, հարմոնիայի զգացողությունն է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր վարժությունների կատարման ժամանակ: Յոգայով զբաղվելու սովորությունն է յոգայում հաջողության հասնելու միակ ցուցանիշը:
Ոչ մի մրցավար, կամ հանդիսատես չի կարող որոշել, թե որքանով է այս կամ այն անձը զգում ներդաշնակության յոգայի վարժությունների կատարման ժամանակ, կամ ինչ չափով է նրա մոտ ձևավորվել յոգայով զբաղվելու սովորություն: Նույնիսկ եթե մարդը գեղեցիկ և ճարպիկ վարժություններ է անում ժպիտը դեմքին, ապա դա չի նշանակում, որ նա զգում է ներքին ներդաշնակություն: Կրկեսի ակրոբատը կամ մարմնամարզիկը նույնպես կարող է ճարպիկ վարժություններ անել ժպիտը դեմքին, բայց ներսում կարող է զգալ ցավ և դիսկոմֆորտ:
Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե անձը դեռևս չունի ճկունություն, բայց ներդաշնակորեն կատարում է յոգայի վարժությունները, ապա նա հասնում է հաջողության յոգայում, նույնիսկ եթե կողքից դիտողներին դուր չի գալիս, թե ինչպես է նա այդ անում: Այսպիսով յոգայի վարժությունների և ասանաների կատարման ժամանակ արտաքին տեսարժանությունը համարվում է երկրորդական և ոչ էական: Յոգայի բոլոր տպավորիչ վարժությունները, ինչպիսիք են ասանաները, չեն հանդիսանում յոգայի հիմքը, այլ պարզապես ինքնաճանաչման հետևանքներ են: Յոգերը ընդհանրապես աշխատում են խուսափել ցուցադրաբար յոգայով զբաղվելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է յոգայի գիտելիքների տարածման նպատակով այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք ծանոթ չեն եղել յոգային, քանի որ ցուցադրական տարրերը գրեթե միշտ խանգարում են ինքնաճանաչման և ինքնախորասուզման պրոցեսներին: Բացի այդ յոգայի ամբողջ փիլիսոփայությունը փորձում է խուսափել իրավիճակներից, որտեղ ինչ-որ մեկը հաղթում է, իսկ ինչ-որ մեկը պարտվում: Յոգան կոչ էանում, որ մեր կյանքում լինեն միայն այնպիսի իրավիճակներ, որտեղ բոլորը հաղթում են և չկան պարտվողներ: Այսպիսով յոգան սպորտ չի հանդիսանում, բայց հիանալիորեն լրացնում է սպորտը:
Հարց: Ինչպես է յոգան վերաբերվում թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին:
Վերաբերվում է խիստ բացասական: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա անօրինական է և չափազանց վնասակար օրգանիզմի համար, այլ նաև այն պատճառով, որ յոգան համարում է, որ «Քիմիա»-ի օգնությամբ սկզբունքորեն անհնար է հասնել որևէ կայուն արդյունքի ինքնաճանաչման հարցում: Ինքնաճանաչման հիմքը հանդիսանում է միայն մարդու կամքը:
Հարց: Ինչքան ժամանակ է պահանջվում յոգայում արդյունքի հասնելու համար:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ եք դուք ձեր առջև դնում, ինչ վիճակում եք գտնվել մինչև յոգայով զբաղվելը, ինչքան լրջորեն եք դուք զբաղվում յոգայով: Այնպես որ, կոնկրետ ժամկետներ նշելը հազիվ թե հնարավոր է:
Հարց: Ով է պատասխանատու յոգայի հավաստագրման համար: Ինչպես որոշել յոգայի հրահանգիչը հանդիսանում է արդյոք լավ մասնագետ:
Գոյություն չունի յոգայի մասնագետների լիցենզավորման միասնական կենտրոն: Բացի այդ, սկզբունքորեն անհնար է ստեղծել յոգայի հավաստագրման չափանիշներ, քանի որ յոգայի տարբեր դպրոցների մոտեցումները այդ հարցում տարբերվում են:
Յոգայի մասնագետին կարելի է գնահատել միայն նրանով, թե որքանով է նա օգնում ձեզ մոտենալ ձեր ներքին ներդաշնակությանը և ինքնաճանաչմանը:
Հարց: Ինչպիսի ընդունակություններ կարող են առաջանալ յոգայով զբաղվող մարդու մոտ: Ով կարող է երաշխավորել, որ զբաղվելով յոգայով, ես ձեռք կբերեմ այդ ընդունակությունները:
Յոգայով զբաղվողի մոտ ինչ-որ ընդունակությունների զարգացումը յոգայի նպատակը չէ: Յոգան միայն բացահայտում և հղկում է այն ունակությունները, որոնք արդեն իսկ գտնվում են մեր ներսում, և սպասում են, որ մարդը բացահայտի և օգտագործի դրանք: Այդ պատճառով յոգայում համարվում է, որ բոլոր զարմանալի ունակությունները, որոնք երբեմն ցուցադրում են յոգայով զբաղվող մարդիկ, դրանք ինքնաճանաչմամբ զբաղվելու հետևանքներ են և յոգայի գլխավոր նպատակը չեն:
Դրանից հետևում է, որ սկզբունքորեն ոչ ոք ոչ մի երաշխիք չի կարող տալ, ամեն ինչ կախված է մարդուց:
Հարց: հնարավոր է արդյոք համատեղել յոգայով զբաղվելը և սպորտը, թե նրանք անհամատեղելի են:
Ոչ միայն հնարավոր է, այլ երբեմն նաև շատ օգտակար է: Յոգան հիանալիորեն համատեղվում է սպորտային պարապմունքների հետ, իսկ սպորտը՝ յոգայի հետ: Սակայն պետք է հիշել, որ սպորտի և յոգայի նպատակները և մոտեցումները տարբեր են:
Հարց՝ Կան արդյոք յոգայով զբաղվելու տարիքային սահմանափակումներ:
Հայտնի չեն յոգայով զբաղվելու որևէ տարիքային սահմանափակումներ, այսինքն յոգայով կարելի է զբաղվել և մանկական հասակում և խորը ծերության ժամանակ: Յուրաքանչյուրը կարող է օգուտ քաղել յոգայից, եթե հետևի առողջ մտածելակերպին, ներդաշնակությանը և լինի հետևողական:
Հարց՝ Ավելի լավ է ինքնուրույն սկսել յոգայով զբաղվել, թե յոգայի մասնագետի հսկողության տակ:
Խորհուրդ է տրվում սկսել յոգայով զբաղվել յոգայի մասնագետի հսկողության տակ: Դա կխնայի ձեր ժամանակը, կօգնի հնարավորինս ճիշտ ուղի ընտրել, և խուսափել թյուրիմացություններից և սխալներից:
Բայց, եթե չկա հնարավորություն յոգայի համապատասխան մասնագետ գտնելու, ապա թույլատրվում է ուսումնասիրել յոգան ինքնուրույն, գրքերի, ֆիլմերի և յոգայի ինքնուսույցների միջոցով: Ամեն դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել ողջամտության և որոշակի զգուշություն, խուսափել գերլարվածությունից և գերհոգնածությունից: Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ յոգայի լավ ինքնուսույցների առկայության դեպքում, ինքնուրույն յոգայով զբաղվելը և ուսումնասիրելը, ձեզանից կպահանջի զգալիորեն ավելի շատ ժամանակ և ջանքեր, բայց այդ հարցում չկան սկզբունքային սահմանափակումներ:
Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իր մեջ վերաբացահայտի յոգայի ուսմունքը այնպես, ինչպես դա արել են հին իմաստունները: Եվ ոչ ոք չի կարող անել դա ձեր փոխարեն, նույնիսկ եթե դուք յոգայով եք զբաղվում ամենափորձառու հրահանգիչի հսկողության տակ: Յոգան ինքնաճանաչման համակարգ է, և դա նշանակում է, որ յոգայի ամբողջ ճանապարհը դուք պետք է անցնեք ինքներդ, և ոչ ոք չի կարող անցնել այդ ճանապարհը ձեր փոխարեն:
Սկզբունքորեն դուք կարող եք ինքներդ բացահայտել յոգան, նույնիսկ եթե դուք միայնակ ապրում եք անմարդաբնակ կղզում: Այլ բան է, որ այդ դեպքում յոգայի ներքին իմաստության բացահայտման համար կարող է պահանջվել հսկայական ժամանակ, ինչը արդարացված չէ յոգայի երկրորդ սկզբունքի տեսանկյունից:
Բացի այդ, յոգայի իդեալը ազատությունն է: Սա նշանակում է, որ եթե դուք չունեք յոգայի համապատասխան հրահանգիչ, բայց ձեր մոտ կա յոգա սովորելու մեծ ցանկություն, ապա դուք ազատ եք և կարող եք սկսել զբաղվել յոգայով ինքնուրույն:
Սխալ է, երբ անձը յոգայի ինքնուրույն պարապմունքները սկսելու փոխարեն, երբեմն սպասում է երկար տարիներ, մինչև կգտնի յոգայի համապատասխան մասնագետ: Յոգայի ճանապարհի զգալի մասը կարելի է, իսկ երբեմն անհրաժեշտ է անցնել ինքնուրույն, ինչը կհեշտացնի յոգայի հրահանգչի գործը: Այդ պատճառով է, որ Միջազգային Բաց Յոգա Համալսարան- ում մենք ստեղծել ենք Յոգայի Հեռակա Ինտերնետ Դասընթացներ, որպեսզի բոլոր ցանկացողները արդեն աստիճանաբար կարողանան սկսել յոգա սովորել, մասնավորապես խոշոր քաղաքներից դուրս, որտեղ դժվար է գտնել յոգայի հրահանգիչների:
Հարց: Ինչն է նախընտրելի՝ յոգայի անհատական, թե խմբային պարապմունքները:
Երկու տարբերակներն էլ ունեն դրական կողմեր: Երբ դուք հաճախում եք անհատական պարապմունքների, ապա յոգայի հրահանգիչը կարող է ավելի ուշադիր լինել ձեր նկատմամբ և ավելի շատ ժամանակ տրամադրել ձեզ: Մյուս կողմից, եթե դուք հաճախում եք խմբային պարապմունքների, ապա դուք ընկնում եք յոգայով զբաղվողների ընդհանուր ազդեցության դաշտ, ինչը զգալիորեն արագացնում է ձեր առաջընթացը յոգայում: Յոգայում ասվում է, որ որքան շատ մարդիկ են միաժամանակ զբաղվում յոգայով մեկ վայրում յոգայի փորձառու հրահանգչի հսկողության տակ, այնքան ավելի հեշտ է ընկնել ներդաշնակության ալիքի ազդեցության տակ, որը երբեմն անվանվում է <<դպրոցի մթնոլորտ>> և որը յոգայով զբաղվողներին տալիս է լրացուցիչ ուժեր: Ճիշտ այնպես, ինչպես առանձին չոր ճյուղը չի կարող այրվել ինքն իրեն, իսկ մի քանի ճյուղերից կարելի է ստանալ բավականին ուժեղ կրակ, քանի որ ճյուղը ճյուղին ջերմացնում է, այնպես էլ յոգայի պարապմունքների ժամանակ, ինչքան շատ է տվյալ տարածքում յոգայով զբաղվողների թիվը, այնքան ավելի ուժեղ է համատեղ արդյունքը: Յոգայի համատեղ պարապմունքների ժամանակ առաջացող այդ սիներգետիկ էֆֆեկտը երբեմն հրաշքներ է գործում:
Հարց՝ Կարելի է արդյոք զբաղվել միայն յոգայի ֆիզիկական վարժություններով, առանց յոգայի փիլիսոփայությունն ուսումնասիրելու:
Այո, կարելի է, իսկ երբեմն անհրաժեշտ է այդպես անել, հատկապես, եթե դուք նոր եք սկսում զբաղվել յոգայով: Դուք կարող եք զբաղվել յոգայով, գոնե լավ ինքնազգացողության և ներքին ներդաշնակության համար: Յոգայում ասվում է, որ յոգայով զբաղվելու յուրաքանչյուր շարժառիթ արժանի է հարգանքի, լինի դա ամրակազմ մարմին ունենալը, սթրեսներից ազատվելը, ստեղծագործական ունակությունների բացահայտումը կամ ինքնաճանաչմամբ զբաղվելը:
Յոգայում ամեն ինչ պետք է ընթանա ներդաշնակ: Եթե դուք զգում եք, որ ձեր համար դեռ յոգայի տեսությունը սովորելու ժամանակը չէ, կամ դուք հետաքրքրված չեք այդ թեմայով, իսկ յոգայից դուք ցանկանում եք քաղել այն, ինչը կապված է այդ ուսմունքի ֆիզիկական բաղադրիչի հետ, ապա թողեք փիլիսոփայության հետ կապված այդ հարցերը: Վերցրեք յոգայից այն, ինչի կարիքը ունեք հենց այս պահին: Մեկ այլ բան է որ, ինչպես ցույց է տալիս փորձը, հետագայում մարդկանց սկսում է հետաքրքրել նաև յոգայի ուսմունքի ինտելեկտուալ բաղադրիչը:
ՀԱՐՑ՝ Արդյոք յոգայով զբաղվողները անպայման պետք է օգտագործեն միայն բուսական ծագման սնունդ և դառնան բուսակեր:
Ոչ, դուք կարող եք բուսակեր չլինել, բայց զբաղվել յոգայով և օգուտ քաղել յոգայից: Յոգան դա սննդային նախասիրությունների պատճառով միավորված մարդկանց ակումբ չէ և յոգան մարդկանց չի պարտադրում սննդակարգի կամ ապրելակերպի որևէ լուրջ սահմանափակումներ: Յոգայի իդեալը ազատությունն է, և եթե դուք որոշեք դառնալ բուսակեր, այդ որոշումը պետք է լինի ինքնաբուխ, առանց բռնության և ճնշման:
Բուսակերության հարցում կա երկու բաղադրիչ՝ ֆիզիկական և բարոյական: Առաջինը, թե ինչքանով վնասակար կամ օգտակար է մեր օրգանիզմի համար միս և ձուկ չուտելը: Դա շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից, այդ թվում մարմնի ֆիզիկական վիճակից: Բարոյական ասպեկտը նույնպես ոչ այնքան միանշանակ է, քանի որ ժամանակակից քաղաքակրթության պայմաններում երբեմն լիարժեք բուսական սննդամթերք ստանալու համար անհրաժեշտ է լինում կատարել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում նույնպես մահանում են շատ անմեղ կենդանիներ, օրինակ՝ թունաքիմիկատների օգնությամբ վնասատուների ոչնչացումը:
ՀԱՐՑ՝ Յոգայով զբաղվելը ենթադրում է արդյոք որևէ հատուկ յոգական ապրելակերպ:
Ոչ, յոգան չի նախատեսում, որ մարդը պետք է ունենա որևէ հատուկ, հասարակությունից տարբերվող ապրելակերպ: Մյուս կողմից էլ յոգան չի պարտադրում, որ դուք ունենաք սովորական, առավել տարածված ապրելակերպ: Այդ հարցում յոգան կողմնակից է մարդու ազատությանը, և կոչ է անում վարել այնպիսի ապրելակերպ, որը առավելագույնս համապատասխանում է ձեզ: Յոգան բավական հզոր ուսմունք է, և կարող է օգնել մարդուն, անկախ այն բանից, թե ինչպիսի ապրելակերպով է նա ապրում: Բայց դրա հետ մեկտեղ, յոգան կարծում է, որ առողջ ապրելակերպին հետևելը հանդիսանում է ամենալավագույն տարբերակը:
Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ յոգան այնքան հին ուսմունք է, որ յոգայի գոյություն ունենալու մեզ հայտնի ամբողջ ժամանակահատվածում մարդկանց և յոգայով զբաղվողների կենսակերպը փոփոխվել է բազմաթիվ անգամներ: Յոգան իրեն լավ է զգացել բոլոր դարաշրջաններում և, ըստ երևույթին, չկա ոչ մի պատճառ ենթադրելու, որ ժամանակակից մարդու ապրելակերպը ինչ - որ կերպ հակասում է յոգայով զբաղվելուն: Ուրիշ հարց է, որ մեր դարաշրջանում ապրելակերպի չափազանց արագ փոփոխությունները առաջացնում են յոգայի գիտելիքների անհետացման վտանգ, որովհետև նույնիսկ ամենամոտ սերունդների, հայրերի և երեխաների կենսակերպերը և նախասիրությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից, ինչը դժվարացնում է գիտելիքների փոխանցումը կրտսեր սերունդներին: Բայց դրանք, ավելի շուտ յոգայի գիտելիքների փոխանցման և ադապտացման դժվարություններ են, այլ ոչ թե յոգայի մեթոդիկայի խնդիրներ, վերջինս հազարամյակներով մնացել է անփոփոխ:
ՀԱՐՑ՝ Ինչ տեսակի յոգաներից է անհրաժեշտ սկսել պարապմունքները:
Յոգան միանշանակ խորհուրդ է տալիս սկսել զբաղվել յոգայի այն տեսակներով, որոնք առաջին հերթին ազդում են մարդու ֆիզիկական մարմնի վրա: Դրանք են Հաթհա յոգան և Կրիյա յոգան: Հետագայում աստիճանաբար կարելի է անցնել յոգայի մտավոր և հոգեբանական տեսակներին, ինչպիսիք են Ռաջա յոգան, Փրանայամա յոգան և այլն:
Միևնույն ժամանակ յոգան ասում է, որ եթե ինչ-ինչ պատճառներով դուք չեք կարող սկսել զբաղվել յոգայի ֆիզիկական վարժություններով, ապա ժամանակ պետք չէ կորցնել և պետք է սկսել զբաղվել յոգայի այն տեսակներով, որոնք տվյալ պահին հասանելի են ձեզ:
ՀԱՐՑ՝ Ինչ հաճախությամբ պետք է սկսել կատարել յոգայի վարժությունները և խմբային և ինքնուրույն պարապմունքների դեպքում:
Բազմաթիվ մարդկանց յոգայով զբաղվելու փորձը ցույց է տալիս, որ սկսնակները պետք է յոգայի վարժություններ կատարեն ամենաքիչը շաբաթական երկու անգամ, հակառակ դեպքում յոգայով զբաղվելը կլինի անարդյունավետ: Հետագայում դուք կարող եք զգալ ամեն օր յոգայով զբաղվելու պահանջ: Ամենակարևորը, ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ և որ դուք պետք է հաճույք ստանաք վարժությունների կատարումից: Ավելի լավ է պարբերաբար յոգայով զբաղվելը, թեկուզ և ոչ ամեն օր, քան թե ամեն օր յոգայով զբաղվելը, և մեկ ամիս անց յոգան ընդհանրապես թողնելը:
Հարց՝ Որքան ժամանակ պետք է տրամադրել տնային պարապմունքներին:
Յոգայի պարապմունքների տևողությունը առաջին հերթին պետք է կախված լինի ձեր ինքնազգացողությունից: Ցանկալի է սկսել օրական քսան րոպեից և աստիճանաբար այդ ժամանակը դարձնել մինչև քառասուն րոպե: Այնուհետև, սեփական փորձից ելնելով դուք կարող եք ինքներդ որոշել յոգայի յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը: Ընդհանուր առմամբ դա անհատական է և կարող է տևել կես ժամից մինչև մեկ ու կես ժամ: Ցանկության դեպքում կարող եք բաժանել յոգայի յուրաքանչյուր պարապմունքը երկու կամ ավելի մասերի, օրինակ՝ քսան րոպե առավոտյան և քսան րոպե երեկոյան:
Բայց ամենակարևորը դա մեկ պարապմունքի տևողությունը չէ, այլ մշտական և կանոնավոր պարապմունքները: Նույնիսկ օրական հինգ րոպե տևողությամբ պարապմունքները հսկայական օգուտ կարող են տալ, եթե դուք զբաղվեք պարբերաբար և կանոնավոր:
Հարց: Ինչ անել, եթե հարազատները (ամուսինը, կինը, ծնողները) հավանություն չեն տալիս ձեր յոգայի պարապմունքներին իրենց անձնական նկատառումներից ելնելով:
Ցավոք յոգան չի կարող այդ հարցին ունիվերսալ պատասխան տալ: Յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել: Որպես կանոն, խնդիրը ոչ թե յոգայի, այլ յոգայի հետ անուղղակիորեն առնչվող հարցերի մեջ է: Միայն դուք կարող եք լուծել այդ խնդիրները, յոգան չի կարող միջամտել ձեր անձնական կյանքին:
Հարց՝ Կարելի է արդյոք հասարակական վայրերում (օրինակ՝ մետրոյում, աշխատանքի վայրում և այլն) զբաղվել յոգայով:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վարժություններ եք դուք պատրաստվում անել: Յոգայում կան այնպիսի վարժություններ, օրինակ՝ մտավոր, որոնք կարելի է կատարել ամենուր, կարևորը, որ դա չխանգարի ուրիշներին:
Հարց՝ Կան արդյոք որևէ սահմանափակումներ սնման հարցում յոգայի պարապմունքներից առաջ և հետո:
Ցանկալի չէ զբաղվել յոգայով շատ քաղցած վիճակում և անմիջապես սնվելուց հետո, որովհետև դժվար կլինի կենտրոնանալ ներքին զգացողությունների վրա և հասնել ներդաշնակության: Եթե դուք չափազանց քաղցած եք, ապա ճիշտ կլինի մի քիչ դյուրամարս սնունդ ընդունել պարապմունքը սկսելուց առաջ: Եթե դուք հենց նոր եք սնվել, ապա անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել, և հետո սկսել պարապմունքը:
ՀԱՐՑ՝ կարելի է արդյոք միաժամանակ զբաղվել յոգայի մի քանի տեսակներով:
Ոչ միայն հնարավոր է, այլև երբեմն խորհուրդ է տրվում: Շատ լավ համատեղվում են Հաթհա յոգան և Կրիյա յոգան, Փրանայամա յոգան (շնչառական յոգան) և Կարմա յոգան, և այլն: Անհրաժեշտ է հետևել ձեր զգացողություններին, որպեսզի հասկանաք, թե որ տարբերակը ձեզ համար կլինի առավել ներդաշնակ:
Հարց՝ Վերջերս ես առաջին անգամ ներկա էի յոգայի դասախոսության ժամանակ, ամեն ինչ պարզ էր, տրամաբանական և ոգևորող: Բայց դասախոսությունից հետո, ես ծանոթացա մի մարդու հետ, ով, ըստ երևույթին, վաղուց է հաճախում դասախոսությունների, և մենք սկսեցինք զրուցել: Բայց ինձ թվաց, որ այդ մարդը տարօրինակ է և նույնիսկ աննորմալ: Նա ասաց, որ ինքը յոգան վաղուց անցել է, և որ յոգան նախնական փուլն է, և այժմ ինքը զբաղվում է ՆՏՊ-ով(Նանայական Տղաների Պայքարով(Борьба Нанайских Мальчиков)): Նա ասաց, որ ինձ մոտ տեսնում է աուրա և տղամարդկանց հետ կապված խնդիրներ անձնական կյանքում, որոնք պայմանավորված են չար հոգիներով: Նա ասաց, որ իմ մոտ փակված է 18-րդ չակրան և իմ կարման բացասական է: Առաջարկեց օգնություն և տվեց ինձ իր հեռախոսահամարը: Իմ մոտ հարց է առաջանում՝ ինչ կապ ունի այդ մարդը յոգայի հետ:
Ամենայն հավանականությամբ այդ մարդը ոչ մի կապ չունի յոգայի հետ: Ցավոք ժամանակակից յոգայի խնդիրներից է, շատ տարօրինակ, խելագար և երբեմն նույնիսկ պարզապես աննորմալ մարդկանց ներկայությունը, ովքեր պտտվում են յոգայի շուրջը, ինչպես ճանճերն են պտտվում մեղրի շուրջը:
Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս հավաստիացնել ձեզ՝ այդպիսի մարդիկ, ովքեր կարդացել են էզոտերիկայի տարբեր կասկածելի գրքեր և փնտրում են կարճամիտ ունկնդիրներ իրենց տարօրինակ «բացահայտումների» մասին պատմելու համար, ոչ մի կապ չունեն յոգայի հետ: Եթե ինչ որ մեկը ասում է, որ <<ինքը յուրացրել է ամբողջ յոգան>>, բայց միևնույն ժամանակ օտար մարդկանց մոտ պահում է իրեն ոչ ադեկվատ և անտրամաբանական և դրանով խախտում է Յոգայի երկրորդ սկզբունքը, ապա դա պետք է մտածելու լուրջ ազդանշան լինի ձեզ համար: Իհարկե, նա կարող է լինել յոգայի մեծագույն ուսուցիչ, և դուք կարող է պարզապես չեք հասկանում նրա բարձրագույն ուսմունքները: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, առավել հաճախ դրանք պարզապես անմեղսունակ մարդիկ են տարբեր աստիճանի ծայրահեղական դրսևորումներով: Այնպես որ, մի շտապեք անմիջապես հավատալ աուրայի, անձնական կյանքի, 18-րդ չակրայի և բացասական կարմայի հետ կապված արտահայտություններին: Եթե դուք, ինչպես որ մենք, ունեք բացասական կարմա, ապա դա արտահայտվում է նրանում, որ մենք երբեմն ստիպված ենք լինում գործ ունենալ այդպիսի անձանց հետ:
Կան, իհարկե, ավելի տհաճ անձնավորություններ, որոնք վարվում են նմանապես: Դրանք բազմաթիվ կեղծ բժշկողներն ու կեղծ էքստրասենսներն են, և այլն: Նրանք ունեն ավելի գործնական շահեր իրենց երբեմն << ապշեցնող և աղաղակող >> պահվածքի համար, մասնավորապես դրամական շահերը: Այդպիսի մարդիկ այցելում է տարբեր տեսակի հասարակական վայրեր, որտեղ նրանք յոգայով հետաքրքրվող մարդկանց մեջ փնտրում են իրենց ցուցաբերած ծառայություններից օգտվող պոտենցիալ հաճախորդներ: Դրանք շատ կասկածելի ծառայություններ են: Ցանկացած տեսակի բուժումներ, կարմայի վերացում կամ ինչ-որ մի բանի վաճառք: Նման մարդկանց չի կարելի համարել բացարձակ անմեղսունակ: Նրանք որպես կանոն <<փորձառու հոգեբաններ>> են և միշտ կարող են գտնել նույնիսկ ամենակասկածամիտ մարդկանց քսակի բանալին: Նրանք ձեզ կարող են պատմել "ձեր ցեղի վրա եղած անեծքի, չար աչքի» մասին: Երբեմն դուք կլսեք, ավելի «բարձրակարգ» մտքեր ձեր հարազատների կարմայի մասին, չակրաների և սև կարմայի, և այդպես շարունակ: Այսինքն, իրավիճակից կախված, նրանք կարող են արագ փոխել իրենց ազդեցության գործիքը:
Մենք կարող ենք ձեզ տալ հետևյալ խորհուրդները, եթե դուք հանդիպեք այդպիսի մարդկանց: Առաջինը՝ հետևեք յոգայի առաջին և երկրորդ սկզբունքներին՝ եղեք բարի և առողջ մտածելակերպով առաջնորդվեք: Ձեր խնդիրը չէ նման մարդկանց հետ պայքարելը կամ վիճելը, նրանք հավանաբար նույնպես պետք են բնությանը: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հանդուրժեք նրանց ձեր անձնական տիեզերքում: Դուք պետք է շատ քաղաքավարի կերպով, բայց շատ հետևողական կերպով, թույլ չտալով առարկություններ, դադարեցնեք բոլոր կապերը և զրույցները նրանց հետ: Եթե դուք զգում եք, որ չեք կարող ընդհատել նման մարդու հետ խոսակցությունը, ապա ներողություն խնդրեք, և առանց բացատրության կամքի ուժի օգնությամբ պարզապես լքեք տարածքը, որտեղ այդ խոսակցությունը տեղի էր ունենում, ինչքան էլ որ դա անհարգալից կարող է թվալ ուրիշներին:
Անալոգիան այստեղ հետևյալն է: Դուք գիտեք, որ աշխարհում կա բորբոս (плесень), որը բացարձակապես անհրաժեշտ է բնությանը: Եթե բորբոսը չլիներ, ապա չէին քայքայվի բոլոր մահացած կենդանիները և բույսերը: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հանդուրժեք բորբոսը ձեր տան խոհանոցի սեղանին:
Ցուցաբերեք ավելի շատ բարյացակամ հումոր, ողջամտություն և առողջ թերահավատություն, և ստեղծեք առողջ հոգեբանական մթնոլորտ ձեր շուրջը: Իսկ դա երաշխիք է, որ բոլոր դատարկամիտները և խավարամիտները իրենց շատ անհարմար կզգան ձեր շուրջը, ինչպես որ ըստ երևույթին բորբոսն է զգում իրեն մաքուր սեղանի վրա:
Իհարկե, աշխարհը լի է գաղտնիքներով ու հանելուկներով, բայց այն ամենը, ինչը ձեզ դարձնում է ավելի թույլ, ավելի կախյալ ու անազատ, այն ամենը, ինչը օգնության քողի տակ սահմանափակում է ձեր ազատությունը և թուլացնում է ձեր կամքը, պետք է առանց երկմտելու անտեսել, նույնիսկ եթե դա ինչ –որ մի թանկարժեք բանի նման է: Տիեզերքը իր բոլոր գաղտնիքներ բացում է ճիշտ ժամանակին, որպեսզի մենք զարգանանք և կատարելագործվենք նրանց օգնությամբ, այլ ոչ թե մեզ վախեցնելու, սարսափեցնելու և ստրկացնելու համար:
Հարց՝ Ես արդեն վաղուց յուրացրել եմ ամբողջ յոգան: Այն ամենը ինչ-որ դուք կարող եք առաջարկել ինձ, ես արդեն գիտեմ: Ինչ խորհուրդ կարող եք տալ ինձ ապագայի համար:
Եթե, ինչպես ասում եք, դուք արդեն անցել եք ամբողջ յոգան, ապա դուք կամ յոգայի մեծ ՈՒսուցիչ եք, կամ դուք ունեք որոշակի անհատական մոտեցում ձեր ինքնագնահատականի հարցում: Քանի որ մեզանից ոչ ոք դեռ չի անցել ամբողջ յոգան, ապա մենք չենք կարող ձեզ խորհուրդ տալ, թե ինչ անել հետո: Եթե դուք յոգայի մեծ ՈՒսուցիչ եք, ապա այդ դեպքում առավել ևս մենք ձեզ ոչինչ չենք կարող խորհուրդ տալ:
Հարց՝ Ես ուզում եմ զբաղվել յոգայով, բայց ինձ դուր չի գալիս յոգայի հանդեպ ձեր մոտեցումը, ինչ խորհուրդ կարող եք տալ ինձ: Կարող եք արդյոք դուք փոխել Ձեր վերաբերմունքը որոշ հարցերի վերաբերյալ:
Մեր կարծիքով առավել խելամիտ կլինի յոգայի մեկ այլ դպրոց փնտրելը, որի մոտեցում ձեզ ավելի շատ դուր կգա:
Ինչ վերաբերում է մեր մոտեցումը փոխելուն, ապա դա բավականին նուրբ հարց է: Օրինակ՝ փոխել մեր վերաբերմունքը յոգայի առաջին և երկրորդ սկզբունքների նկատմամբ, մենք չենք կարող սկզբունքորեն: Նույնը վերաբերում է նաև մեր այլ տեսակետներին, քանի որ նրանք բխում են յոգայի ամբողջ ուսմունքից: Մենք չենք բացառում, որ թերևս մենք չենք մատուցել ձեզ մեր մոտեցումը հիմնավորող ամբողջական և լիարժեք փաստարկներ, այնպես որ դուք կարող եք կիսվել մեզ հետ ձեր մտքերով, գրելով նամակ հետևյալ հասցեով՝ yogaopenyoga@gmail.com :
Հարց՝ Ես ուզում եմ զբաղվել յոգայով, ինձ դուր է գալիս յոգայի հանդեպ ձեր մոտեցումը, բայց ինձ դուր չեն գալիս ձեր դասախոսները և կուրատորները: Հատկապես նրանք, ովքեր դասախոսություններ են կարդում: Ինչ կարող եմ անել ես: Կարող եք արդյոք փոխարինել նրանց ուրիշ մարդկանցով:
Շատ լավ է, որ դուք կիսում եք մեզ հետ յոգայի հանդեպ ձեր տեսլականը: Սակայն ներկա պահին հնարավոր չէ կատարել յոգայի դասախոսների և կուրատորների ընտրություն: Միևնույն ժամանակ ուսուցիչները և ղեկավարները, ինչպես նաև Ձեր միջանձնային փոխհարաբերությունները առանցքային դեր են խաղում ձեր ուսուցման մեջ: Եթե դուք իրար չհասկանաք, ապա դա կարող է լրջորեն խոչընդոտել ձեր ուսուցման գործընթացին: Հետևաբար, հավանաբար դուք պետք է գտնեք յոգայի մեկ այլ դպրոց, որը ունի նույն մոտեցումը, ինչ որ մենք, բայց որտեղ ձեզ կդասավանդեն այն մարդիկ, որոնց դուք լիովին վստահում եք:
Հարց: Ես ծանոթացել եմ յոգայի վերաբերյալ ձեր տեսակետների հետ: Չնայած նրան, որ ես շատ տեղերում եմ սովորել և շատ բաներ եմ տեսել, ես կսկսեմ սովորել ձեզ մոտ, եթե դուք ինձ ապացուցեք հետևյալը: Առաջինը, որ յոգայի ուսմունքը ավելի լավն է և ավելի բարձրակարգ է, քան այն մյուս բոլոր ուսմունքները, որոնք ես ուսումնասիրել եմ մինչ այդ: Երկրորդը, որ ձեր յոգայի դպրոցը գերազանցում է յոգայի բոլոր այլ դպրոցներին: Ինչ կպատասխանեք իմ այդ հարցին:
Նախ, թույլ տվեք շնորհավորել ձեզ յոգան ուսումնասիրելու այդ լուրջ մտադրության կապակցությամբ: Դա կարող է իրոք շրջադարձային կետ լինել ձեր աշխարհաճանաչման և ինքնաճանաչման հարցում: Սակայն, ցավոք սրտի, մենք պետք է որոշ չափով հիասթափեցնենք ձեզ: Մենք պարզապես չգիտենք, թե որտեղ եք դուք սովորել նախկինում, ինչպիսի դասավանդողների մոտ, և ինչքանով եք լուրջ վերաբերվել ուսմանը: Մենք բարոյական իրավունք, ինչպես նաև ցանկություն և հնարավորություն չունենք, գնահատելու այն փիլիսոփայական կամ կրոնական ուսմունքը, որը դուք ուսումնասիրել եք սրանից առաջ: Յոգան չի հավակնում լինել բոլոր ուսմունքների, շարժումների և ավանդույթների գերագույն դատավորը: Յոգան ինքնաճանաչման համակարգ է, և ոչ թե մարդու մտավոր և հոգևոր գործունեության բոլոր հնարավոր տեսակների գնահատման համակարգ: Իհարկե, մենք կարող ենք ինչ որ բան իմանալ այս կամ այն ուսմունքների մասին, սակայն մենք չենք կարող, որևէ բան, որևէ մեկին ապացուցել:
Ինչ վերաբերում է յոգայի մյուս դպրոցներին, ապա մենք վերաբերվում ենք նրանց շատ հարգալից: Նույնիսկ մտքում մենք ոչ մի ցանկություն չունենք ներկայացնելու նրանց բացասական լույսի ներքո: Մենք համարում ենք, որ յոգայի առաջին և երկրորդ սկզբունքներին հավատարմորեն հետևող յոգայի յուրաքանչյուր ուսուցչի կամ հրահանգչի համար անհրաժեշտ է հուշարձան կանգնեցնել, նրանց կատարած ծանր և անշնորհակալ գործի համար: Հետևաբար այդ հարցում մենք չենք կարող օգնել ձեզ:
Հարց՝ Ինչու յոգայի գիտելիքներն անհրաժեշտ է թարգմանել աշխարհի հնարավորինս շատ լեզուներով:
Կար մի ժամանակ, երբ յոգայի գիտելիքների գերակշռող մեծամասնությունը Արևմուտքում հասանելի էր միայն անգլերեն լեզվով: Այդ երևույթի պատճառները բազմազան էին:
Առաջին հերթին, այն պատճառով, որ Հնդկաստանը վաղուց եղել է բրիտանական գաղութ և յոգայի ցանկացած տեքստ, մինչև Արևմուտքի ժողովրդին հասանելի դառնալը, առաջին հերթին թարգմանվել է անգլերեն, և ապա միայն որևէ այլ լեզվով:
Երկրորդ հերթին, անգլիախոս երկրները, հատկապես Ամերիկան, մեծամասամբ խուսափել են քսաներորդ դարի համաշխարհային պատերազմների արհավիրքներից։ Համապատասխանաբար, այնտեղ կային ավելի նպաստավոր պայմաններ յոգայի նկատմամբ հետաքրքրության և յոգայի պրակտիկայի համար, քան, ասենք, Ռուսաստանում, որտեղ մարդկանց կյանքը այդ ժամանակաշրջանում լի էր իրար հաջորդող արյունալի իրադարձություններով։
Անգլիախոս երկրները տնտեսապես ավելի հարուստ են, քան այլ երկրները: Այդ պատճառով յոգայի ուսուցիչներից շատերի համար այդ երկրներում ավելի հեշտ էր յոգայի գիտելիքները տարածելու համար ֆինանսական աջակցություն գտնելը: Նաև անհրաժեշտ է նշել այդ երկրներում նորամուծությունների նկատմամբ որոշակի հանդուրժողականությունը։ Եվ այդպես շարունակ:
Բայց, մյուս կողմից, կրկնակի, երբեմն եռակի թարգմանություններից յոգայի տեքստերի իմաստը կարող էր լրջորեն խեղաթյուրվել, հատկապես, եթե թարգմանիչները չէին զբաղվում յոգայով և չէին ուսումնասիրել յոգայի թեորիան։
Նաև անհրաժեշտ է նշել ամերիկացիների մտածելակերպի և նախասիրությունների առանձնահատկությունները, որոնք անպայման իրենց հետքն են թողել յոգայի գիտելիքների թարգմանության ժամանակ: Այդ գործոնի ազդեցությունը հանգեցրել է յոգայի նկատմամբ մակերեսային և երբեմն գռեհիկ-պրագմատիկ վերաբերմունքի ձևավորմանը, որպես սպորտաձևի, առանց ուսմունքի փիլիսոփայական հիմքերը հասկանալու։ Դա էլ իր հերթին, նպաստել է յոգայի տեսական գիտելիքների մեծ պակասի առաջացմանը Արևմուտքում, որտեղ խորացված տիրապետում և հասկանում են յոգան խիստ սահմանափակ թվով մարդիկ: Այսպիսով, Արևմուտքում յոգայի վերաբերյալ ժամանակակից գրականության մեծ մասը չի դիմանում առողջ քննադատությանը: Իրավիճակը գոհացնող չէ։
Այդ իսկ պատճառով ներկայումս յոգայի հետևորդներից շատերը սկսել են ուսումնասիրել յոգան ուղղակիորեն, առանց ամերիկյան մտածելակերպի միջնորդության։ Այդ պատճառով յոգայի որոշ գիտելիքներ սկսել են ուղղակիորեն թափանցել այն երկրները, որտեղ ապրում են այդ հետևորդները։ Դա լրջորեն բարձրացնում է յոգայի մակարդակը և երբեմն նպաստում է այդ երկրներում յոգայի ուսմունքի խորացված և լիարժեք ընկալմանը: Բայց անմիջապես առաջանում դրա հետ առնչվող մի խնդիր, այդ գիտելիքները այդպես էլ մնում է այդ երկրների ներսում, լեզվական խոչընդոտի պատճառով:
Բայց յոգայի գիտելիքները պատկանում են ամբողջ մարդկությանը: Արդյունքում կրկին առաջանում է յոգայի գիտելիքները այլ լեզուներով թարգմանելու անհրաժեշտություն, այդ թվում նաև անգլերեն լեզվով, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ մարդիկ գոնե մասամբ ծանոթանան յոգայի այն տեսական և գործնական գիտելիքներին, որոնք բացակայում են ժամանակակից արևմտյան գրականությունում:
Միջազգային բաց Յոգա Համալսարանի դեպքում անհրաժեշտություն կա մեր դպրոցում եղած յոգայի գիտելիքների «փշրանքները» թարգմանել հնարավորինս շատ այլ լեզուներով։ Դա այն ներդրումն է, որ համալսարանը կարող է անել ամբողջ աշխարհի բարօրության համար: Եթե յոգայի հումանիստական իդեալները թափանցեն տարբեր երկրների մարդկանց մտածելակերպի և աշխարահայացքի մեջ, ապա նրանք կսկսեն ազդել այդ երկրների ժողովրդի ընդհանուր մտածողության և աշխարահայացքի վրա, դարձնելով կյանքն ավելի իմաստալից ու բարի։
Իհարկե, մենք չպետք է պարտադրենք մեր աշխարհընկալումը որևէ մեկին: Մենք պարզապես պետք է հնարավորություն տանք բոլոր մարդկանց ծանոթանալ յոգայի հրաշալի ուսմունքի հետ, անկախ նրանից թե ինչ լեզվով են խոսում նրանք։
Միջազգային Բաց Յոգա Համալսարանում տեքստերի թարգմանությամբ հիմնականում զբաղվում են այս կամ այն օտար լեզվին տիրապետող, առկա և հեռակա սովորող ուսանողները։ Բնականաբար, մենք հուսով ենք, որ մեր ուսանողները, ովքեր ապրում են այլ երկրներում, լրջորեն կօգնեն մեզ այդ հարցում, դրանով իսկ օգնելով այդ երկրներում ապրող բոլոր մարդկանց, անկախ նրանից, թե այդ երկրները իրենց հայրենի երկրներն են, թե ոչ: Աշխարհը պետք է փոխել առաջին հերթին ձեր շուրջը, որտեղ դուք ապրում և աշխատում եք։
Հարց: Ասացեք խնդրեմ, յոգան աղանդ է, թե ոչ։ Ես շատ եմ վախենում բոլոր տեսակի աղանդներից։
Ոչ, յոգան սկզբունքորեն չի կարող աղանդ լինել, քանի որ յոգան ինքնաճանաչման համակարգ է, այլ ոչ թե կրոն: Բառարաններում աղանդ հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ․<<Աղանդը դա հիմնական կամ գերիշխող կրոնական հավատքից առանձնացած հավատացյալների խումբ է, ովքեր ունեն առանձին դոգմաների, ծեսերի և ուսմունքների վերաբերյալ իրենց տեսակետները և մեկնաբանությունները, և այլն։ Աղանդներին բնորոշ է մեկուսացումը, առանձնացումը, իրենց դերի բացառիկության մասին հավակնությունները>>:
Այսպիսով, առաջին հերթին, յոգան կրոն չէ:
Երկրորդ, յոգայում չկա <<հիմնական կամ գերիշխող կրոնական հավատք>>: Յոգան համարում է, որ ինքնաճանաչման գիտության մեջ կարևորը փորձն է, այլ ոչ թե հավատը։
Երրորդ, յոգան ինքնաճանաչման բաց համակարգ է բոլորի և յուրաքանչյուրի համար։ Ոչ մի մեկուսացման կամ առանձնացման մասին խոսք չի կարող լինել:
Չորրորդ, ինչպես ցանկացած ինքնուրույն ինքնաճանաչման համակարգ, յոգան հանդիսանում է զարգացող, այլ ոչ թե քարացած համակարգ։ Այդ պատճառով յոգան չի պնդում, որ յոգայի գիտելիքները վերջնական, անբեկանելի ճշմարտություն են:
Հինգերորդ, յոգայի նպատակը ազատության հասնելն է, այլ ոչ թե կյանքից կտրված, առողջ մտածելակերպից և տրամաբանությունից հեռու դոգմատիկ ուսմունքներով մարդկանց ձեռքերն ու ոտքերը կապելը։
Իհարկե, միշտ կգտնվեն անբարեխիղճ մարդիկ, ովքեր «յոգա» բառի քողի տակ, կփորձեն ստեղծել տարբեր տեսակի ծայրահեղական խմբեր, որոնք շատ նման են աղանդի: Սակայն, եթե դուք գոնե բավարար չափով ծանոթ եք յոգայի հիմունքներին, ինչպիսիք են ազատության ձգտումը, յոգայի առաջին և երկրորդ սկզբունքները, ներդաշնակության մեթոդները և այլն, ապա դուք անմիջապես կզգաք, որ ինչ-որ բան սխալ է: Եվ հենց որ զգաք, որ ինչ-որ բան սխալ է, ապա դուք անմիջապես կհեռանաք այդ խմբերից։
Բացի այդ, Արևելքից, որտեղ մարդիկ շատ են սիրում կրոնները այնպես, ինչպես Արևմուտքի մարդկիկ սիրում են բոլոր տեսակի քաղաքական կուսակցությունները, երբեմն թափանցում են բացահայտ կրոնական ուսմունքներ, որոնք Արևմուտքում սխալմամբ համարվում են յոգա: Բայց այս դեպքում էլ այդ ուսմունքների հետ նույնիսկ ամենամակերեսային ծանոթությունը անմիջապես վերացնում է բոլոր թյուրըմբռնումները։
Հիշեք, յոգան երբեք չի փորձի սահմանափակել ձեր ազատությունը և երբեք չի փորձի վախեցնել, կաշկանդել ձեզ։ Եթե դա տեղի է ունենում, ապա իմացեք, որ այդ ուսմունքը յոգա չէ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Տեքստը ռուսերենից թարգմանել և խմբագրել է Արթուր Կարապետյանը: