Անցնել քայլ 3-ին
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՅՈԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Բոլոր դասընթացները, դասախոսությունները, տեքստերը, հրահանգները, հանձնարարականները, ցուցումները եւ կանոնները, որոնք դուք կգտնեք մեր կայքում, երբեք չպետք է հակասեն յոգայի առաջին և երկրորդ սկզբունքներին:
Եթե մեր՝ Անանդասվամի ավանդույթի յոգայի դպրոցի տեքստերում անգամ մեկ աֆորիզմ հրահանգ, հանձնարարական, ցուցում կամ կանոն հակասում է յոգայի առաջին եւ երկրորդ սկզբունքներին, ապա դուք պետք է որակեք այն որպես սխալմունք, վրիպակ կամ թյուրիմացություն, եւ չպետք է կիրառեք այն:
Ցանկացած ուսմունք, որը հավակնում է անվանվել յոգա, պետք է սրբորեն պահպանի յոգայի առաջին և երկրորդ սկզբունքները: Հակառակ դեպքում, այդ ուսմունքը յոգա համարվել չի կարող:
Դուք պարտավոր եք խստորեն պահպանել յոգայի առաջին սկզբունքը՝ այն է. «Դուք պետք է ամբողջ Ձեր ներուժով ձգտեք վնաս չպատճառել ոչ մի կենդանի էակի, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն: Իսկ եթե վնաս չպատճառելու հնարավորություն չունեք, ապա դուք պետք է վարվեք այնպես, ինչպես թելադրում է ձեր պարտքը»: Յոգայի առաջին սկզբունքը չվնասելու (Ահիմսայի) սկզբունքն է, որի էությունը վերտրամաբանության կիրառումն է անձնական կյանքում:
Մարդը, ինչպես նաև մյուս կենդանի արարածները, վայրկյան անգամ չեն կարող ապրել այնպես, որ ինչ-որ մեկը չտուժի դրանից: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք կարդում եք այս տողերը, հազարավոր անմեղ միկրոօրգանիզմներ են մահանում: Որպեսզի դուք օգտագործեք բուսական սնունդ, պետք է հողատարածքներ մշակել, որի հետևանքով մահանում են միլիոնավոր կենդանի էակներ: Որպեսզի արտադրվի թուղթը, որի վրա տպվում են գրքեր յոգայի մասին, պետք է հատել անտառներ, ինչի հետևանքով ոչնչանում են այդ անտառներում ապրող շատ անմեղ կենդանիներ: Նույնիսկ, եթե դուք որոշեք այլևս գրքեր չկարդալ, չուտել ոչ մի կերակուր և լուռ մահանալ սովից, ապա դա նույնպես կհանգեցնի մահվան և տառապանքների սարսափելի շղթայի: Եվ երբ դուք ծնվեք կրկին, ապա Կարմայի օրենքի համաձայն կհայտնվեք ավելի վատ վիճակում:
Ընդհանրապես ոչ մի վնաս կամ տառապանք չպատճառելը մեր ուժերից վեր է, բայց մենք կարող ենք հնարավորինս կրճատել այն` հասցնելով նվազագույնի: Այդ պատճառով դուք պետք է լինեք իրատես եւ չընկնեք ծայրահեղությունների գիրկը ամեն մի անզգուշաբար սպանված մոծակի կամ պատահաբար տրորված մրջյունի համար, բայց ամեն տեղ, որտեղ հնարավոր է նվազեցնել տառապանքները` առանց ձեր կյանքը մղձավանջի վերածելու, դուք պետք է անեք այդ:
Բացի այդ, դուք ունեք անձամբ ձեր կյանքի պայմանները և անձամբ ձեր պարտքը այլ կենդանի արարածների առջև, որը դուք պետք է կատարեք: Եթե դուք արհեստավարժ զինվորական եք, եւ ձեր պարտքն է Կալաշնիկովի ինքնաձիգով պաշտպանել ձեր Հայրենիքը, ապա դուք պետք է կատարեք ձեր պարտքը, նույնիսկ եթե դրանով վնաս կպատճառեք թշնամիներին: Սակայն, եթե կա փոքր ինչ հնարավորություն` զենք չկիրառելու և չվնասելու նույնիսկ թշնամուն, դուք պետք է օգտագործեք այն: Արհեստավարժ զինվորականը այն մարդն է, ով գիտի ցավի, մահվան ու տառապանքի գինը եւ ամբողջ ուժով ձգտում է կանխել այդ ամենը: Եվ վարվելով այդպես` նա դառնում է կատարյալ յոգ: Այս նույն գաղափարախոսությունը պետք է կիրառել բոլոր այլ իրավիճակների և մասնագիտությունների դեպքում:
Մարդուն, ով ձգտում է վնաս չպատճառել որևէ մեկին, մենք անվանում ենք բարի մարդ: Բարությունը շատ վերացական հասկացություն է: Մենք չենք կարող տալ հստակ եւ տրամաբանական բացատրություն, թե ինչ՞ է բարությունը: Մենք կարող ենք ինտուիտիվ կերպով զգալ, թե ինչն է բարի, եւ ինչը՝ ոչ: Բայց տրամաբանության տեսանկյունից բարի լինելու ոչ մի հիմնավորում չկա, շատ հաճախ ընդհակառակը, մեր բանականությունը` օգտագործելով տրամաբանական փաստարկներ, կոչ է անում մեզ լինել չար և անտարբեր մնալ ուրիշների տառապանքների նկատմամբ: Սկզբունքորեն, մենք չենք կարող տրամաբանորեն հիմնավորել և ապացուցել, որ պետք է լինել բարի, քանի որ բարությունը վերտրամաբանական հասկացություն է, այն վեր է պատճառների և հետևանքների հարթությունից, վեր է Կարմայից: Բարությունը հայացք է մեր կյանքին ամենավերին հոգևոր բարձունքներից: Եթե մարդը ի ծնե բարի է, նշանակում է, որ նա նախկին կյանքերում արդեն ինչ որ չափով հասել է հոգևոր բարձունքների: Եվ եթե անգամ ինտելեկտուալ առումով առանձնապես զարգացած չէ, ապա կարող է, ցանկության դեպքում, արագ լրացնել նաև այդ բացը: Եթե մարդը այս կյանքում ձգտում է բարության, ապա նա արդեն ինտուիտիվ կերպով, վերտրամաբանորեն զգում է յոգայի ուղին: Այդ պատճառով յոգայի առաջին սկզբունքը երբեմն անվանվում է վերտրամաբանության կիրառում անձնական կյանքում:
Չափազանց անհրաժեշտ է լիովին վերացնել չհիմնավորված ագրեսիայի նույնիսկ չնչին հետքերը մեր մեջ: Մենք պետք է սովորենք տիրապետել մեզ և չդառնանք մեր բնազդների խաղալիքը, որոնք ստիպում են մեզ վնաս հասցնել ուրիշներին:
Եթե դուք ձեր հանդեպ ագրեսիայի հանդիպեք, ապա, եթե թույլ է տալիս ձեր պարտքը և կա հնարավորություն, փորձեք <<ագրեսիային ագրեսիայով>> կամ <<հարվածին հարվածով>> չպատասխանել: Փորձեք հարթել իրավիճակը շրջանցիկ ճանապարհներով: Կարիք չկա հայտնվել փակ դարպասի առջև բաց դաշտում, հատկապես, եթե միակ դարպասից բացի, դաշտում ոչինչ չկա: Ավելի լավ է շրջանցել այն: Չարիքը սովորաբար չարիք է ծնում: Սովորեք չարը վերափոխել բարու: Հիշեք ասացվածքը. <<Չարից բարին արարիր, քանի որ բարին այլևս ոչնչից հնարավոր չէ արարել>>:
Դուք պետք է խստորեն հետևեք յոգայի երկրորդ սկզբունքին, որը ասում է. <<Դուք պետք է ծախսեք ձեր էներգիան և ուղղեք ձեր գիտակցությունը միայն այն բաների վրա, որոնք օգնում են հասնել ձեր նպատակներին աշխատանքում, յոգայում, ուսման և հանգստի մեջ: Մինչ հերթական գործը սկսելը, հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք՞ դա կնպաստի ձեր նպատակների իրականացմանը: Եթե ոչ, ապա այն պետք է անտեսել, ինչպես ճանապարհից շեղող և անպետք գործը>>: Յոգայի երկրորդ սկզբունքը դա Բրախմաչարյայի սկզբունքն է կամ տրամաբանության օգտագործումը մեր անձնական կյանքում:
Տիեզերքի օրենքները վերտրամաբանական են: Սովորական տրամաբանությունը դա պարզապես տիեզերքի ավելի բարձրագույն օրենքների մասնավոր դեպքն է: Բայց վերտրամաբանությունը երբեք չի հակասում տրամաբանությանը: Տիեզերքը չի սիրում, երբ որևէ մեկը ձգտում է հասնել վերտրամաբանականին, առանց վերլուծելու և հասկանալու տրամաբանության և առողջ մտածելակերպի սովորական օրենքները:
Յոգան խրախուսում է մեզ ցանկացած իրավիճակում կիրառել մեր գիտակցությունը, տրամաբանությունը եւ առողջ մտածելակերպը: Մեր ժամանակը, մեր էներգիան եւ գիտակցությունը կարելի է ծախսել տարբեր կերպ: Կյանքը մեզ կարող է տանել մեկ այստեղ, մեկ այնտեղ, ինչպես քամին տերևն է տանում: Յոգան սովորեցնում է մեզ նախ գիտակցել մեր նպատակը, ապա խստորեն շարժվել այդ նպատակին հասնելու ճանապարհով: Այն մարդը, ով այդպես է վարվում, ժամանակի ընթացքում հասնում է վերտրամաբանականի ինտուիտիվ ընկալման, ինչը ավելի բարձր է սովորական տրամաբանությունից: Բայց մարդը դրան հասնում է միայն, եթե նա արդեն լիովին զարգացրել, կատարելագործել և հղկել է սովորական տրամաբանությունը: Հետևաբար, դուք պետք է սովորություն դարձնեք տրամաբանորեն և խելամտորեն շարժվելը ամենուր, որտեղ դա հնարավոր է, որպեսզի հետո ձեռք բերեք այդ բարձրագույն ընդունակությունը:
Եթե ձեզ առաջարկում են մի բանով զբաղվել, էներգիա ծախսել, հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք դա կնպաստի ձեր նպատակների իրականացմանը:
Եթե ձեզ առաջարկում են հեռուստատեսությամբ դիտել գաղտնի կամ բացահայտ գովազդ պարունակող սերիալ, և դրանով իսկ կաշկանդել ձեր միտքը եւ ձեզ մոտ առաջացնել անվստահության և վախի զգացում, ագրեսիվ և հիմար մտքեր, ապա միգուցե ավելի լավ է անջատել հեռուստացույցը եւ մեկնել զբոսանքի բնության գրկում:
Ավելի լավ է մեր առջև դնել սխալ նպատակ, տրամաբանության ու ողջախոհության միջոցով հասնել այդ նպատակին, ու հասնելով նպատակին գիտակցել սխալը և չկրկնել այն ապագայում, քան քաոտիկ կերպով ձգտել մեկ մի նպատակի, մեկ ուրիշ նպատակի, այդպիսով ոչնչի չհասնելով և արդյունքում վատնելով մեր էներգիան մանրուքների վրա:
Երբեմն մարդը անհանգիստ այս ու այն կողմ է շարժվում, բայց միևնույն ժամանակ պնդում է, որ դա վերտրամաբանություն է: Այս դեպքում ճշմարիտ լինելու չափանիշը հանդիսանում է ստացված արդյունքը: Եթե արդյունք չկա, ապա դա հալյուցինացիա է, այլ ոչ թե վերտրամաբանություն:
Խիստ անհրաժեշտ է հղկել մեր բանականությունը և կարողանալ կատարյալ ձևով օգտագործել այն: Եթե մենք դա չանենք, մենք շատ քիչ կտարբերվենք կենդանիներից: Մենք կրում ենք մեր մեջ կենդանական բնազդներ, վախեր և ագրեսիա, բազմաթիվ կենդանիների մարմիններում ապրած ժամանակներից: Մեր բանականությունը հղկված չէ, և մենք հաճախ գործում ենք անտրամաբանորեն, կարծես մեր բականանությունը մթագնած և խավարած լինի: Մեզ կարող է համակել մեկ չհիմնավորված անհանգստություն, և մենք չենք կարողանում հանդարտվել, մեկ մեր մոտ առաջանում է գիտակցության մթագնում, և մենք բթացած վիճակում չենք կարողանում ընդունել ճիշտ որոշումներ: Այս ամենը ստիպում է մարդուն ընդունել հիմար, չհիմնավորված, անտրամաբանական, ճիշտ ճանապարհից շեղող որոշումներ, և հաճախ սովորություն է դառնում այդպես ապրելը: Մենք պետք է ազատվենք այդ աղբից մեր ուղեղում եւ վերացնենք անտրամաբանորեն ապրելու վնասակար սովորությունը: Յոգայի երկրորդ սկզբունքը օգնում է մեզ զարգացնել բանականությունը, գործել խելացի, տրամաբանորեն եւ կշռադատված: Ավելին, մարդու մոտ ձևավորվում է մի նոր սովորություն, ստուգելու թե արդյոք իր յուրաքանչյուր գործողությունը տրամաբանական է, անընդհատ ինքն իրեն հարցնելով, արդյոք ես այն եմ անում, արդյոք ես ճիշտ եմ վարվում, ճիշտ ուղղությամբ եմ գնում: Այդ պատճառով յոգայի երկրորդ սկզբունքը երբեմն անվանում են անձնական կյանքում տրամաբանությունը կիրառելու սկզբունք:
Յոգայի առաջին եւ երկրորդ սկզբունքները երբեմն կարող են հակասել միմյանց: Այդ դեպքում, փորձեք գտնել մի այնպիսի լուծում, որպեսզի առավելագույնս հետևեք յոգայի առաջին սկզբունքին և նվազագույնս չիրականացնեք յոգայի երկրորդ սկզբունքը:
Փնտրեք այնպիսի գործելաոճ, որպեսզի միաժամանակ հետևեք այդ սկզբունքներին: Ձեզանից ոմանց դա հեշտ կլինի անել, իսկ ոմանց համար ավելի դժվար կլինի, դա պայմանավորված է ձեր Կարմայով: Եթե դժվարանում եք համատեղել այդ երկու սկզբունքները, ապա դա նշանակում է, որ ձեր իրավիճակը ավելի բարդ է:
Կյանքի այն ճանապարհը, որը ձևավորվում է, երբ մենք առավելագույնս փորձում ենք պահպանել յոգայի առաջին եւ երկրորդ սկզբունքները, լիովին համընկնում է մեր Դհարմայի հետ:
Դհարման դա կյանքի այն ճանապարհն է, որը տանում է մեզ դեպի ինքնաճանաչման բարձրագույն հոգևոր բարձունքները: Յոգայի ուսուցչի Դհարման դա յոգա դասավանդելն է: Մեծագույն հաջողություն է արագ և անմիջապես մեր Դհարման գտնելը:
Եթե մենք գնում ենք մեր Դհարմայի ճանապարհով, ապա մենք առավելագույնս խուսափում ենք բոլոր հնարավոր տառապանքներից, որոնք պայմանավորված են մեր բացասական Կարմայով, և միևնույն ժամանակ առավելագույնս վայելում ենք երջանկություն և ուրախություն մեր դրական Կարմայից: Ավելին, շարժվելով Դհարմայի ճանապարհով, մենք միաժամանակ հոգևոր զարգացում ենք ապրում, ճանաչում ենք ինքներս մեզ, և այդպիսով ձեռք ենք բերում հնարավորություն դուրս գալու մեր թե դրական և թե բացասական Կարմայի սահմաններից:
Ձեր Դհարման պայմանավորում է ձեր պարտքը: Ձեր պարտքը պայմանավորում է ձեր արարքները, ձեր վարքագծի կոդեքսը եւ ձեր ներքին պատվի կոդեքսը:
Մենք բոլորս ունենք մեր սեփական անցյալը, հետևաբար մենք ունենք տարբեր կյանքի իրավիճակներ այս պահին: Եվ ելքի ճանապարհը այս իրադրությունից բոլորի համար տարբեր է: Գլխավորը` գտնել մեր սեփական ճանապարհը: Այլ մարդու ճանապարհը կարող է լինել օրինակելի, հատկապես, եթե դա յոգայի ուսուցիչների ճանապարհն է: Սակայն, միևնույն ժամանակ, այն կարող է լիովին չհամապատասխանել մեզ:
Այսպիսով, շրջանը փակվում է: Յոգայի առաջին եւ երկրորդ սկզբունքները նպաստում են մեր կյանքի ճանապարհի (Դհարմայի) գիտակցմանը: Դհարմայի գիտակցումը նպաստում է մեր պարտքի գիտակցմանը: Պարտքի գիտակցումը բերում է կյանքում մեր նպատակների գիտակցմանը և մեր ճիշտ քայլերին: Ճիշտ քայլերը տալիս են ճիշտ և օգտակար արդյունքներ, մենք ավելի լավ ենք հասկանում կյանքը, և ավելի լավ ենք սկսում ընկալել յոգայի առաջին և երկրորդ սկզբունքները:
Քանի դեռ մենք չենք հասկանում յոգայի առաջին եւ երկրորդ սկզբունքների ամբողջ վեհությունը, մենք դժվարությամբ ենք գիտակցում մեր Դհարման, մեր պարտքը և դժվարանում ենք գտնել մեր կյանքի ճիշտ ճանապարհը: Սակայն, նույնիսկ եթե մենք լիովին չենք հասկանում յոգայի սկզբունքները, բայց կիրառում ենք դրանք մեր կյանքում, ապա ժամանակի ընթացքում սկսում ենք աղոտ կերպով հասկանալ մեր հոգևոր ճանապարհը և պարտքը, և դա տանում է մեզ յոգայի սկզբունքների ավելի լիարժեք ընկալմանը: Եվ այսպես փուլ առ փուլ յոգը դառնում է ավելի կատարյալ, իմաստուն, երջանիկ և հաջողակ: Ամեն ինչ սկսվում է բարությունից ամեն ինչի և ամենքի հանդեպ:
Եթե դուք պատրաստվում եք դառնալ յոգայի ուսուցիչ եւ սովորել Միջազգային Բաց Յոգա Համալսարանում, ապա դուք պետք է որոշեք, արդյոք յոգայի դասավանդումը հանդիսանում է ձեր կյանքի ճանապարհը (Դհարման):
Այս հարցին դուք պետք է պատասխանեք նախ ինքներդ ձեզ, եւ հիշեք, որ երբեմն դա հասկանալու համար ժամանակ է պետք: Բայց եթե դուք ինքներդ ձեզ ասել եք <<այո>>, ապա խստորեն հետևեք ձեր որոշմանը:
Տեքստը ռուսերենից թարգմանել և խմբագրել է Արթուր Կարապետյանը:
Տեքստի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Յոգայի դպրոցի հասցեն է` Ռուսաստանի Դաշնություն, Ք. Մոսկվա:

